top of page
Նիցշեն ճիշտ էր
Աստված մահացել է
այդ ե՛ս եմ սոսկ
որ Էլեկտրայի նման
չեմ կարողանում ընդունել
հորս մահը
ու
միտքս քրքրվում է
գիշեր-ցերեկ
վրեժի նոր վարկածներ
որոնելով
աթոռին` մի աչքը բաց
խըմ-փըսսս քնել է մայրս
ես դնում եմ TV-ին
MUTE-ի վրա (պատկեր առանց ձայնի)
օրոր նանի մայր իմ
օրոր նանի
օդային շքերթ է դեռ
էկրանին MUTE
(զինվորներ են ընկնում
առանց ձայնի)
տասնյակ թռչուններ
մետաղական
ռումբեր կտուցների վրա
ու
թևերի տակ
տեսնես սա՞ է դժոխքը
որի մասին
տատիկս պատմում էր
այդքա՜ն վախով
հանց տանկի հետ
սիրաբանող զինվորի ստվեր
մերթ տանկի վրա է ստվերը
մերթ տանկի տակ
հաղորդողը ժպտում է
առօրեական
առաջին անգամ չէ
որ պայթյունը
փոխում է տեղերը ստվերների
bottom of page