top of page

100 օր փորձաշրջանից հետո` դրախտում

Հարյուրերորդ օրը դրախտում

քմծիծաղով հիշում եմ ես օրերը այն

երբ նայում էինք վերև ու աղոթում

ամեն ինչի համար սովորական

մինչդեռ այստեղ նույն կասկածն է

ու նույն հույսը

նույն մարմաջը տխուր անմահության

միակ բանը

որ փոխվել է գալուց հետո`

աղոթելիս հիմա նայում եմ վար

ես այդպես էլ չհասկացա

երբևիցե

թե ինչի՞ց էր հոգիս ուզում

փրկվել

խե՞նթ էի

մտածում եմ

թե՞ թուլամիտ

բայց և այնպես

ձայնարկում եմ` ալելո՜ւյա - բոլորի հետ

ժամացույցն իր ապակե փորիկներով

նույն ավազն է տանում

մեկ վեր

մեկ վար

նույն դու

նույն գինին է մինչև պռունկը լցված

ու նույն վախը

որ եթե շարժվես հանկարծ

թափվելու է վերնաշապկիդ վրա

նոր լվացված


bottom of page