top of page

Վեր-ջա-պես

վերջապես մահացավ ժամանակը

ես վաղո՛ւց էի սպասում սրան

թեպետ նախընտրում էի չխոսել այդ մասին

ու չեմ ափսոսում բնավ կամ վախենում

քանզի լուծվել է ժամանակը

արյանս մեջ վաղուց

ու վաղուց

պատրաստ է հոգիս... հավերժության

(ժամանակն էլ դեղնեց... գիտե՞ս

ինչպես տերև

մահանալուց առաջ)

կամուրջից այն կողմ

ժամացույցների

աղմկոտ գերեզմանոցում

մի անգղ

արդեն խնամքով քերում է

ժամանակի մնացորդները

մետաղե կմախքի վրայից

հենց... հիմա

հիմա... հենց հիմա

երբ վերջնականորեն մեռած է ժամանակը

իսկական... ժամանակն է

վերցրու թուղթն այս

ու մի հրաշք գրիր

որ կկատարվի հենց հիմա

և կամ

ընդմիշտ հանգիստ թող գրիչդ


bottom of page