(կատվիս կրկին անհետանալու չորրորդ օրը)
Ո՞ւր ես... Պաբլո...
(արդեն չորրորդ օրն է)
ցատկիր անսպասելի
մեռնող թփի տակից
ինչպես նախորդ անգամ
(ուղիղ չորրորդ օրը)
երբ վիզս թեք
ձեռքով` հանց ճյուղ կույրի
շրջան նկարեցի
աշնան խշխշացող
բացատի մեջ
վերադարձի՛ր Պաբլո
քեզ մոռացա հարցնել
քո կրկնվող իննը
դրախտներից մեկում
պատահե՞լ է տեսնես
նույն տիրուհուդ կրկին
ու եթե ոչ ապա
ո՞ւր են գնում նրանք`
(կատու սիրող կանայք)
մահից հետո...
մեկ էլ... Պաբլո... գիտե՞ս
քեզ չհասցրի պատմել
ժամանակի մասին ես դժոխքի
որ կազմված է բոլո՜ր
բոլո՜ր անսեր կանանց
կորած ժամանակից
ամբողջովին
եղիցի դու... Պաբլո
մեջքիդ կորը չքնաղ
ինչպես եկեղեցի
որտեղ խոստովանել եմ ես մեղքերը իմ
դու
որ լսել ես ինձ հետ
այնքա՜ն հաճախակի
Ռիլկե
Բախ
Կոմիտաս
ու անկասկած
թափառում ես դո՛ւ էլ
հիմա նրանց նման
դրախտի մի լքված թաղամասում
օրհնիր ինձ քո դրախտից և արի տուն
ձեռքս հանց ճյուղ կոտրած
փորփրում է հողը
ինչ դժվար է գտնել
կորած մի բան այստեղ
ու հատկապես` սիրուն
այնքա՜ն սիրուն...