top of page

Ուրանը չի սիրում գորշություն

Ես Ջրհոս եմ

օդի տարերք

(կարծեցիք ջրի չէ՞)

ասել է թե ջղագար`

հակված հոգնության

ու

անքնության

գնա՛ - քանի չեմ գոռացել

մոլագար

հակացուցված է ինձ միությունը`

Առյուծի հետ

չէ՞ որ կարող եմ և բարկանալ

քանդել-ջնջել ողջը մեկ վայրկյանում

ի՜նչ խոսք

թե կարող եմ նաև վերականգնել

ամենն այդ քիչ հետո` նախորդից լավ

բայց հավես է հարկավոր

դրա համար

հայտնությունն ինձ տրվում է

հիշելու պես

քունքս եմ քորում միայն թեթևակի

պատճառ կա՛

որ քայլվածքս նման է կորած մանկան

ես գնում եմ ապագայից

կոնկրետ մի տեղ

Ջրհոս եմ` երջանիկ

երբ ամեն բան

ծածկված է ձյունով պսպղացող

(Ուրանը չի սիրում գորշություն)

ինձ տրվում է ամեն բան վերից

ու ես գիտեմ

ամեն ինչ աստվածների մասին

ու աստղերի

բայց ինչո՞ւ

չեմ հասկանում

երբ մտնում եմ ներս

կանայք համաչափ

(գաղտնի հրահանգով ասես)

շրջվում-շտկում են արագ-արագ

շրթներկը գրպանի հայելու մեջ

հ.գ.

աստղերին չե՞ս հավատում... ասացիր -

չլինի դու Աստծուն էլ չես հավատում


bottom of page