top of page
Մուսա...
դու
որ հաճախ այցելում ես ինձ
անքնությանս մեջ
ու փոխում երազիս ուղղությունը
գողացել-տարել ես երազներս
հարուստի զավակների պես
ու հիմա հեռվի՜ց ես բանակցում
ինձ հետ
սառը… անկարեկից
հանց մարդասպան
ինչպե՞ս որսամ ես քեզ
մուսա…
երբ դու
ուրվականի նման
անմարմին ու անձև
շարժվող տարածք ես լոկ
որ երբեմն…
միայն
դառնում է ձայն
(դրանից հետո է ծնվում
հիշողությունս լոկ
ու մեռածները սուլում են
պատերի մեջ)
դու լա՜վ ես ճանաչում ինձ…
մուսա
գիտես որ շռայլ եմ շատ
ու բաներ եմ տեսնում հաճախ
որ չեն տեսնում
մարդիկ
սովորաբար
(երեկ եմ խոստացել
սիրտս սատանային
որ հարուստ էր
սիրուն
ու նաև գերազանց
անկողնու մեջ)
դե լավ…
միայն դո՛ւ չես
պատճառն
իմ լռության
... սև լեղին է նաև
փառը կատարակտի
մտքիս վրա
ու
նրա՜նք
բոլոր հիմարներն այն
որ մերժում են կյանքը
հանուն
անմահության
դու չես… ասում եմ… միայն... մուսա
bottom of page