top of page

Մեղքերս ապրում են կոշիկներիս մեջ

զգուշավո՜ր

նա մարում է լույսը արմունկով

որ մատնահետք չթողնի հանկարծ

մահճակալիս նստած

ես կրակում եմ կոշիկներս

երկնքի մեջ

նա գնում է և ես

...փակում եմ դուռը

ու վերադառնում կրկին անկողնուս մոտ

(ինչպես հանցագործը` դեպքի վայր)

ու մեղքերս` շներ հավատարիմ

(որ ապրում են կոշիկներիս մեջ)

դուրս գալիս - կծկվում են

ոտքերիս տակ

բարկությունից

բարձիցս դուրս քաշած փետուրներով

ես պատրաստում եմ կամակոր հրեշտակ մի

որը չի ցանկանում գնալ դրախտ

պատուհանից

ես ցույց եմ տալիս նրան

աշխարհը մեր փոշոտ ու սուտ

որի միջով

սիրածս գնում է իր կնոջ մոտ

տեսնո՞ւմ ես... ասում եմ վստահելի ձայնով

ի՞նչ ես անելու դու այստեղ

եթե մնաս


bottom of page