Առաջինին ես մերժեցի արագ
առանց երկմտանքի
անբարո էին կոչվում
այդ օրերին
աղջիկները
որոնք տրվում էին միանգամից
ու բացի այդ
ես ոչինչ չէի զգում նրա հանդեպ
Աշոտը հետո էր` ավելի ուշ
ես նրան տրվեցի շորերով
շնչակտուր
կզակս վեր
ես տասնչորս էի այդ ժամանակ ընդամենը
իսկ նա եկվոր`
գրպանները միշտ լի ծամոններով
ես ուզում էի հարսանիք
ու երկար քող
որ քամին թռցնե՜ր մինչև տանիք
հայրս ցանկանում էր պսակի ծես
քույրերս` շորեր հարսնաքրոջ
եղբայրս` լավաշ ուսի վրա
մայրս` կարմիր խնձոր առավոտ շուտ
ոչինչ չկատարվեց այս ամենից
ոչինչ
բացի կասկածանքից գուշակողի
մեկ անգամ եմ հարբել ընդամենը
առաջին գիշերն էր` հիշում եմ
բայց մեծ խումհար եղավ հետո
ամբողջ կյանքս
զառանցա՜նք
փսխուք էր
ու
մանկան լաց
յուղոտ պնակներ ծորակի տակ
(երկինք կհասնի բուրգը եթե շարեմ)
իսկ ես շոյում եմ մերկ նկարս մանկության
(պառկած եմ փորիս վրա` ոռիկս վեր)
սգում եմ փակ սենյակում
գաղտնի արագ-արագ
ինչպես տղամարդը ձեռնաշարժող
տատս ճի՜շտ էր
լավ կինը լաց չի լինի ցերեկ օրով
երբ տանը հազար գործ է սպասում իրեն