Հոգիս` դասական անտունի
որ փնտրում է Տիրոջը
ու չի գտնում
նայում եմ պատուհանից
ապա` անկողնուս տակ
ևս մի անպտուղ օր -
այսօր էլ չերևաց Աստված
թույլ տվեք բարբաջել անմտորեն
աղերսել բաներ անկարելի
ինչ կա որ կին չե՞մ ես -
մարդ`
միակը – ընդունակ բարբաջելու
Տե՛ր ներիր... եթե կրկնում եմ ինձ
ե՞րբ է վերջանալու պատերազմը
հաջորդ մարգարեն ե՞րբ է գալու
որ մերժելու է մեռնել խաչի վրա
ե՞րբ ես շտկելու մեջքը մի նոր կապկի
և վերջապես
իջեցնելու մարդուն այն կախաղանից
Գոյայի սրտաճմլիկ նկարի մեջ
ժամանա՛կն է... իհարկե ժամանակն է
(և սա սոսկ իմ կարծիքը չէ)
որ հավաքես նետերը հրեշտակներից
(որ տվել ես մի օր անզգուշաբար)
ետ վերցնես ռումբերը իշխաններից
որ ապահով դուրս գան հողի տակից
մեռյալ զինվորները բազմամիլիոն
թարթիչների
կոշիկների վրա - փոշի ու
տո՛ւն քայլեն
խումբ-խումբ գրկախառնված
բա՜րձր աննպատակ ծիծաղելով
(բայց... մտածում եմ ինքս իմ մեջ
Տերն իրեն շնորհեց կիրակին
Աբրահամը շաբաթը` հանգստյան օր
Մուհամմեդը` ուրբաթը ավելացրեց
չորս օր է աշխատում Հայրը միայն
ու չէր կարող լինել աշխարհը սրանից լավ)
ինձ ի՞նչ է մնում եթե ոչ
ամուսնանալ նախագահի հետ վերջին
ու լուծել խնդիրները այս Քո փոխարեն
հանց առաջին տիկին մի գիշերվա մեջ
բարբաջում եմ այսպես - նախ
գրաբարով
ապա կրկնում նույնը արամերեն
ծնկի վրա
(գուցե չի հասկանում
մտածում եմ
հայերեն Նա)
ահա կորած օղս անկողնուս տակ
(կարծես դրա համար եմ աղոթել Քեզ այսքան երկար)
նետում եմ այն աղբարկղը ցուցադրաբար
իբր բարկացած եմ շատ Տիրոջ վրա
մինչդեռ մյուսը վաղո՜ւց եմ դեն նետել
կամ ասենք պահեի
դրանից փոխվելո՞ւ էր ինչ-որ մի բան
հանգերի ետևից չեմ ընկնելու
երբ շուրջս կոտորած է անտանելի
ու մի՛ ստիր
Դու լավ էլ լսում ես
այլապես
ո՞ւմ համար է երգում սերովբեն
այդքան անուշ
իր սրտի լարերը բզկտելով
մինչդեռ... եթե վստահ լինեի
որ փորձում ես լավագույնդ
որ կաս... մտահոգ ես... ու դեռ հույս կա
որ կապրի դեռ անտառը ինձնից հետո
որ չի բարակի օզոնի շերտը սրանից շատ
նստած յագուարս բաց կտուրով
ու □Սուսերով պարը□ □քոքած□ մինչև երկինք
ծովափնյա ճանապարհով ամենանեղ
մահն աչքս առած
կսուրայի ուղի՜ղ սիրածիս մոտ