top of page
Հիշո՞ւմ ես արդյոք
անտառը աշնան
ու մեր ուսերին
օրհնանքի նման
մեղմորեն թափվող
տերևները չոր
որոնք ինքնակամ փշրվում էին
մեր ոտքերի տակ`
շարականներով
նուրբ ու անավարտ
հիշո՞ւմ ես հոգիս
պսակը գլխիս
որը հյուսվել էր
խիտ սաղարթների
նեղ արանքներում
իրար հանդիպած
ճառագայթներից
պսակն այն
աննյութ
որ գունափոխվեց
քո խենթ հայացքի
անտես հպումից
հիշո՞ւմ ես
ասա
ոնց շիկնեց ինձ հետ
օրորվեց ինձ հետ
ու փլվեց ինձ հետ
անտառը հարբած
հիշո՞ւմ ես արդյոք
շունչը տաք հողի
աղոթքն աստղերի
ու խնկաբույրը
որ հարբեցրեց մեզ
մինչև առավոտ...
bottom of page