top of page

Հավատքս ժառանգում եմ քեզ

(պարզվեց հարևանս էր թունավորել շանս)

Եկե՜ք... քույրեր իմ կույս

նստեք շրջանաձև

ես ձեզ կասեմ այսօր

ինչպես գերել մարդկանց

հոգիները հոգնած

ինչպես երգեր գրել

սիրո մասին

լուսինը բավական է

խավարն ու լույսն ինձ ի՜նչ

չեմ տեսնում` միևնույն է

ես շատ վաղուց

սերը կարեկից է շատ

այն նախ կուրացնում է

ապա բախտին թողնում

մնացածը

ես շուն ունեի այն ժամանակ

քույրեր

Ժան Վալժան էր անունը իմ շան

որ մոտենում - ուսերիս էր դնում

թաթերն իր

անսպասելի

ու գրկում էի նրան

ես

զգուշորեն

ինչպես կորած երկվորյակիս

տարիներ անց

Ժան Վալժանը չկա

կյանքս կույրի երազ`

ձեռնափայտեր տարբեր

կասկած ու շուն

ուրվականն է նրա լոկ այցելում հիմա

(պարզվեց որ իսկապես կա՛ կյանք

մահից հետո -

կորած հարազատի)

քույր

համբերի՛ր

ավարտում եմ պատմությունս

սերս վաղուց չկա

իսկ հավատքս քեզ եմ ուզում թողնել

ամբողջությամբ

փոքր հույսն ինձ լրիվ բավական է

ճանապարհն իմ վերջանում է այնտեղ

շուտով

bottom of page