top of page

Այդտեղ

մանկության իմ քաղաքում

բազմակի լուսինների

ստվերոտ գիշերներում

երբևէ հանդիպե՞լ է ձեզ

իմ կրկնվող երազը՝

մորս թաշկինակի թաց գույներով

կրկնվող թաղումը հորս

երազիս հանդիպակաց հայելիների մեջ

աջ ու ձախ հավերժություններում

միևնույն քահանայի վիզը

խաչի ծանրությունից

ծիծաղելի թեքված

առաջ ու աջ

և

ցրտի պատճառով

կրճատված աղոթքը տեր հոր

որով նա մահվան

վաշխառուի պես

մեծ արագությամբ

հորս մարմինը

վաճառեց հողին

իսկ հոգին

Աստծուն

և ապա□գնաց

... հողի

փայտի

ոսկրի

կրկնապատումն արագ

ժլատ ձմռան լույսի

սառը ստվերներով

և

դագաղին կպած

քարի ձայնը տխեղծ

նոր գործիքից ելած

օտար ձայնի նման

որ նույն ժամանակ

ա՛յս աշխարհից էր

և

ա՜յն աշխարհից

այնտեղ`

մանկության իմ քաղաքում

բացակա լուսինների

մթագնած գիշերների մեջ

երբևէ հանդիպե՞լ է ձեզ

իմ կրկնվող երազը՝

մորս թաշկինակի մո՜ւթ գույներով


bottom of page