(ասես հարցրել էր մեկը` կյա՞նքդ, թե՞ ձուն)
... տատիս իմացած միակ հրաշքը`
ձուն թավայի եզրին խփել այնպես
որ կեսերը մնան ձեռքերի մեջ
լրիվ ու հավասար
-սովորի՛ր - ասում էր -
սովորիր...
վաղը դու էլ ես դառնալու կին
մահվանից վեց օր առաջ
տատս բաժակ վերցրեց անսպասելի
- գոհ եմ բոլորիցդ... երկնքի չափ
ասենք` սիրուն էր շատ
չասենք` ուրախ
մեկ շաբաթ անց
նրան ընկած գտանք օջախի մոտ
ձվածեղը կիսատ` լոկ այրված յուղ
ափերի մեջ հավասար կեսական ձու
կոպերը կախ ու թափանցիկ
ասես մեղավոր էր կիսատ ձվածեղի համար
չասենք մեռած
կարծես հարցրել էր տերը` կյա՞նքդ
թե՞ ձուն
ասես սահել էր զգույշ
չասենք ընկել`
մեկ ձուն փրկվել էր լրիվ
գրպանի մեջ
տատս փրկել գիտեր ամենայն ինչ
կորցընելու սահմանին
անմիջապես
հիմա պառկած է նա
հպա՜րտ
գլխին` արծաթ շղթա
մեջքին` քամար
ասես հյուր է գնում մեռած
եղբորը մեծ
ասենք` սպասում էր նա
չասենք գնում
վաղը դառնամ պիտի... իսկական կին