top of page

Ի՞նչ եմ անելու մի ողջ հավերժություն

...իսկ դժոխքում

նրա՛նք էին միայն

մարդիկ այն սոսկ

որոնց հանդիպել էի հապճեպ ու անխոստում

վարձված սենյակներում կարճաժամկետ

և

շտապելուց`

վերջում

հրաժարվել անգամ

սուրճից` անկողնու մեջ

ու

վար իջել քիչ անց

մեկտեղ

վերելակով

գլխահակ ու անխոս

ինչպես օտար

ու

մեկ էլ ձիերս էին

այնտեղ

վառվող ախոռներում

ծխերի մեջ

ու ես

մորեմերկ նորից

նրանց քշում էի դուրս

արագ-արագ

կրակե պոչերից

ամուր բռնած

դո՛ւրս... ասում էի... դո՛ւրս... դո՛ւրս...


bottom of page