top of page

Զինվորը անշարժ էր ու անշունչ

Զինվորը անշարժ էր ու անշունչ

երբ ներս մտավ բժիշկը

ոսկեծամ

հարության խոստում կար

աչքերի մեջ -

ռազմի աստվածուհու

հայացքի պես

կուզեի հայտնվել ես

հենց

միջնադարյան Վենետիկում

այն ժամանակ

երբ դիմակը ընդունված էր կրել

առանց առիթի – ցանկացած օր

քայլել Սուրբ Պետրոսի պալատից

մինչև

հրապարակը Սուրբ Մարկոսի -

ոտաբոբիկ

ու

այրել խրտվիլակը

պատերազմի

ես վաղո՜ւց եմ ճամփորդում հանց ծովահեն

մի աչքս կապած սև

թաշկինակով

մեռյալների կես թիվը բավարար է

որ գժվեմ ես

սիրտս կպայթի կրկնակիից

դեռ քանի՞սը պիտի պայթեն այս

փողոցում Տեր

(այդ թիվը ինչո՞ւ չկա Սուրբ Գրքի մեջ)

որ հռչակվի □աշխարհի վերջ□-ը

պաշտոնապես

մի բան ցրիվ կգա հիմա

երդվում եմ

իմ գլխի մեջ

իսկ եթե չսեղմեմ քունքերս երկու ափով

կժայթքի ուղեղս

ճնշումից

շատրվանով

իզուր չէ

որ երազիս մեջ`

փոքր սենյակում ետ ու առաջ

Կաֆկան տրտնջում է առաջվա պես

Բոդլերը բարկացած քաղհանում

չարի ծաղիկները հազարագույն

իսկ

Չարենցը շրջված միզում է

դրախտի նախշազարդ դռան վրա

առավոտ... արթնանում եմ անկողնուս մեջ

կարճատև նոր պայթյուն մեծ էկրանին

սիրաբանո՞ւմ են

զինվորն ու բժիշկը

թե՞ մեռած ընկած են

իրար վրա


bottom of page