Երբ աղջնակ էի փոքր
հայրս ինձ կոչում էր
արքայադուստր
ու վստահ էի շատ
որ թագուհի եմ դառնալու
ապագայում
երբ մեծանամ
մինչև իմացա
որ վաղուց էր դա
ու չի հիշում ոչ ոք
ճշգրիտ անունն անգամ
վերջին հայ թագուհու
դրանից հետո հուսախաբություն է
հուսախաբության ետևից մինչև հիմա
ու չի երևում վերջը դրա
երկիրս ետևում է վաղուց
հիմա ես ապրում եմ օտար մի քաղաքում
հանց աքսորված հրեշտակ
հին աստվածների կանաչ թաղամասում
բայց փոխարենը մի թռչուն եմ որդեգրել ես
ու անվանել նրան
Էրեբունի
կարոտս ձգվում է կատվի նման
Արարատի թագից անիրական
մինչև կոնկրետ մի կետ
պատուհանիս վրա էժան
հյուրանոցի
մի՞թե ճամփորդել է գենս այսքան երկար
որ ավարտվի այստեղ` այսպես
(սպասում եմ ես և մտածում
մինչև □սերս□ դուրս գա լոգարանից)
ես այն աղջիկն եմ – նայի՛ր – կերված շրթունքներով
որ դուրս քայլեց մոթելից երկհարկանի
բայց կարեկցել պետք չէ ինձ
քանզի
ես եմ հորինել ճանապարհն այս
հետևաբար և իմն է ամբողջապես
ճշմարտությունը` ճանապարհի վերջում
ու
բոլորովին էլ անիմաստ չի անցել
ժամանակն իմ
ես հիմա գիտեմ ինչպես ստել
ինչպես կեղծել օրգազմը վարպետորեն
ինչպես տղամարդուն հասցնել խորանի մոտ
ու մատուցել ստինքներս ափերիս վրա բռնած
իբրև նվեր
ա՜խ... բայց որքան եմ կարոտել ես
ձմեռը այն
երբ բերետս փաթիլնե՜ր էր հավաքում
սունկի նման
երգի՛ր... երկիրս դո՛ւ ես հիմա գաղթական
ծիտ
ու եթե երգդ չի կարող կիսել
օվկիանոսն այս -
- էլ ո՞ւմ է հարկավոր հանճարը քո