top of page

Ես ուրվական եմ քույրեր

Ես ուրվական եմ քույրեր

հիմնականում աննյութ

որ կնոջ է փոխարկվում

սոսկ հպումով

ժամանակը լոկ սիրո՛ ժամանակն է

մնացածը հոգնություն աննպատակ

թույլ հավատիս համար

մեղավորը նա է

շոռաչ քահանան մեր հարևան

իսկ ստելուս համար Տերը ինքը

որ խոստացավ վերադառնալ

ու դեռ չկա

աթեիստ օդաչուի նման

ես Աստծուն հավատում եմ

միայն թռիչքի մեջ

կամ երբ ցնցում է ինձ երկինքը բաց

բայց երբ ինձ դիպչողը տղամարդ է

փրկողը գրպաններս են

ուր թաքցնում եմ

կրծած եղունգներս

վերքերի պես

դե լավ - մի՛ արտասվեք

սերը դեռ չի մեռել

այն ապրում է գաղտնի

դատարկ առանցքներում ոսկորներիս

մենությանս աղիքը կույր

մերթ կծկվում է ցավից

մերթ աղմուկով շարժվում

աննպատակ

ես այնքան եմ հեռացել

ինքս ինձնից

որ վախենում եմ շրջվել

ու նայել ետ

բացի այդ քիչ է մնացել ինձ առջևում

և եթե նայեմ անգամ

չեմ հասցնի

միևնույն է

փոխել մի բան

bottom of page