top of page
Ես այնքան լավ եմ յուրացրել Տեր
Քո ոճը
որ կարող եմ նոր հայտնություն կցել
գրքիդ
ու Դու գլխի չընկնես
կամ եթե ընկնես էլ
ի՛նչ կփոխվի
ջնջելո՞ւ ես ինչ է գրածս
բառ առ բառ
համբերությամբ
մորս պես
ձեռքս բռնած
ավելին` երեկ հենց
ես մի սպիտակ մազ եմ գտել
բարձիս վրա
ու Եսայու չափ վստահ եմ
որ Քո մազն է
ես չեմ ճանաչում
ուրիշ մեկին
ճերմակ մորուքով
այդքան երկար
հիմա ես կարող եմ
անսխալ
ստանալ Քո երկվորյակին
իդեալական
կամ եթե տարբերվի անգամ
թեթևակի
խախտելո՞ւ ես ինչ է
դրա համար
լռությանդ երդումը
հավերժական
հիստերիկ գոռգոռալով
երկնքով մեկ
մի թել
մազի համար
ընդամենը
հ.գ.
իսկ մեր վեճի համար
ասա՜ մարդկանց
որ Դու ես միշտ
սկզբից ինձ բզբզողը
bottom of page