top of page

Դուետ թռչնի հետ

(կամ ինձ կանչում է Տերը)

- Լա՛վ...

թռչնիս վերցնեմ

ու... գալիս եմ

սպասի՛ր... ինչ կա որ...

Հայրը դու չե՞ս

հենց այդտեղ էլ կացի՛ր

աստիճանի վերջում

մեկ-երկու գործ ունեմ

... ճանապարհին

կգա՛մ... հարցը այդ չէ

բայց ոչ առաջվա պես

երկու-երկու

արա՛գ

սանդուղքներով

այլ այս անգամ դանդա՜ղ

ու

շնչարգել մի քիչ

մինչև իսկ տեղ-տեղ

հապաղելով

սիրտս կոտրվել է արդեն

հազար անգամ...

վստահում եմ

միայն դեղահաբին...

որ քանդում է քա՛րը

երակներիս պատից

(... միշտ մի մեռած բան կա

զգում եմ... արյանս մեջ)

իսկ դու երես մի առ

կանաչ-դեղին թռչուն

փետուրդ ի՞նչ անեմ

ինձ հենարան է պետք

նստիր ուսիս` գնանք

ծըլ-վը՜լ (զուռնա՛)

տեսնես ի՞նչ կլինի

եթե շրջվեմ հիմա

հասա՞նք...

սա՞ է արդյոք

անհույս...

անձև...

պարապ...

այս անճաշակ լո՞ւյսը

սա՞ է տունդ... խեղճ Հայր -

քոռանամ ես

բայց ծի՛տ... ինչո՞ւ ծըլ-վըլ

միշտ եմ ուզել պարզել

ինչո՞ւ կոնկրետ ծըլ-վըլ

այլ ոչ ուրիշ մի բան

ասենք՝ ալելույա

այս վայրկյանից սկսյալ

այո՛

սա է որ կա

զուտ կուրացնող լույսն այս

քեզ չեմ տեսնում... գիտե՞ս

իմ դրախտի թռչնակ

տուր փետուրդ

ների՛ր

տուր որ փրկվեմ մի կերպ

կամ որտե՞ղ ես

նետի՛ր

լայն գլխարկիս վրա

երգի՛ր... անպատկառ ծիտ

թեկուզ ծըլ-վըլ

ինձ խլացնում է մեծ

լռությունն այս տարտամ

ձայնոտ մի բան արա

երգի՛ր ինձ հետ

մի՞թե մի պահ այստեղ

դադարում է

անգամ

ալելույան

իսկ դո՛ւ Տեր իմ անշարժ

գտիր մատս մի կերպ

(ես չեմ կարող գտնել

էլ չեմ տեսնում ասի)

գտի՛ր

շարժիր մատն իմ անափ ափիդ միջով

կույր գնչուի նման

շոշափել եմ ուզում ճանապարհդ

bottom of page