Ինչպես վեճի մեջ
կրկին պարտված
կամակոր կին
կամ կատարյալ խելառ
ավելի ճիշտ
ինքս ինձ հետ բարձրաձայն
կռիվ տալով
եկել-դեմ եմ առել ծովին` լռվել
ու
քանի որ մոռացել եմ
քայլելը ջրի վրա
իսկ լողալ այդպես էլ
չսովորեցի (նախընտրեցի
պարի դասը այդ ժամանակ)
կամուսնանա՛մ
ի՞նչ արած`
կամուսնանամ
ու
մինչև մահ կապրեմ
ծովափնյա քաղաքում այս
հրեշտակների
ինչպես նախևառաջ ծովի՛ն
սիրահարված ձկնորսի կին
ես խանդով եմ նայում միշտ
օվկիանոսին
ու երբ հոգնած ուզում եմ
որ նա մնա
(այդ օրն էլ թող չգնա՛... հերի՛ք է
սիրուհու մոտ)
ծովագույն փեշովս
կապտականաչ
ես գալարվում եմ
հուզված ալիքի պես
(համար ինն)
ու պտույտի մահացու վտանգի մեջ
ոսկե մի ձուկ հանում
շորիս տակից
օվկիանոսն ինչպես անսահման աչք
չար սկեսրոջ
չափչփում է ինձ ամեն օր
ոտքից գլուխ
Սոնան ի՜նչ
ինձ նոր անուն է պետք
հզոր
տոտեմական
ու
զմրուխտե Մասիս
(որպես աչքի հուլունք)
որ պահպանի ինձ չարի
այս քանակից
հիմա... քանի՞սն է... ես կդառնամ
օվկիանոսը և նավը խարխլված
քամին` երեք մատը ծոցիս մեջ
սովորությամբ
կկրկնի իր սառը երգը նորից
որից հետո
կպարեմ ես ձեզ համար
գլուխգործոց...
մահվան պարը իմ դժվար
եզրափակիչ`
□նավի խորտակումն իր ալիքի մեջ□
մինչդեռ ձեզանից սոսկ պահանջվում է
սուլել
ու
ծափահարել
բո՜ւռն...
երկարատև...
ոտքի վրա`
երբ` հիստերիկ փրփուր
վերջում
ամբողջությամբ
վայելչորեն ծծվեմ
ավազի մեջ
գիտեմ... մեծ բան չէ գուցե արածը իմ
(մեկը սարեր է շարժել ինձնից առաջ)
բայց ամեն կին արժանի է... միևնույն է
իր ողջ կյանքում
հոտնկայս ծափերի` գեթ մեկ անգամ