top of page

Տատս ինձ գյուղում

մեկ-մեկ պատժում էր

ու բանտարկում էր

իր հավանոցում

ես մի քիչ հետո

ցատկում էի դուրս

ճակատիս վրա

չալիկ հավերի

փետրե պսակով

ու

նա հազիվ էր

զսպում ծիծաղը

տատս քթի տակ

մի բան ասելով

փետրում էր հավը

սիրեմ-չսիրեմ

ծաղիկի նման

ու

կարմրում էր

չքմեղ հայացքով

ամենավերջին փետուրի վրա

ես այդ վայրկյանին

աշխույժ թռչում եմ

գիրկը տատիկիս

չսպասված

շորե գնդակի նման

ու հարցնում կամաց

- սիրում է չէ՞... տա

իսկ նա շիկնում

ու

շուրջը նայելով

ինձ վար է նետում

գողության պահին

բռնվածի նման

աթեիստ քեռիս

ամբողջ ընթացքում

գլուխը ռիթմիկ

տմբտմբացնելով

ուսուցչի նման

կարմիր մատիտով

ինչ-որ բաներ է

լրջորեն ուղղում

Ավետարանում

ու

ծիծաղելի

կորացնում է իր

անհավատ հոնքը

հարցականի պես

քեռուս գրիչն ու

պապուս մահակը

հաճախ գիշերով

ես պահում էի

խոտի դեզի տակ

bottom of page