Բարի լույս
տիկին Արուս
ես արդեն գիտեմ
ճշմարտությունը
և
խաղաղվել եմ
հիմա ես գիտեմ
ինչն է կարևոր
և ինչը՝ ... ոչ
այսօր
մազերս
ես որոշել եմ մեջտեղից բացել
ճամփորդելու եմ
(մոռացա ասել)
այսպես թե այնպես
ճամփորդելու եմ
իմ մի ճամպրուկը
ես լցնելու եմ
հայելիներով
մյուսը՝
գունավոր
ծամակալներով
այս անգամ արղեն
բոլոր իրերիս
ես մեկ առ մեկ եմ
հրաժեշտ տալու
(ժամանակ շատ կա)
նախ բարձրացնում եմ
ու փակ աչքերով
երկար համբուրում
վարագույրներիս
կախված
կոպերը
հայելուս
փոշին
սրբելուց հետո
ես
մի վարդագույն
համբույր եմ դնում
քթի տակ երգող
մի շատ բաղաձայն
բայց խաղաղ դեմքով
կնոջ շուրթերին
(...բայց ինձ
իսկապես
որքան սազո՜ւմ է
մազերս այսպես
մեջտեղից բացած...
է՜... տիկին Արուս
բավ է խոնարհվես
ձավարիդ վրա
ներքևի շուրթդ
կախվել է արդեն
լվացքիդ
մաշված
պարանի նման
ինձ նայիր մի քիչ
սազում է չէ՞ ինձ
մազերս այսպես
մեջտեղից բացած
լուսին
դո՞ւ ինչ ես
նայում ապշահար
ինչ է չե՞ս տեսել
մազերը այսպես
մեջտեղից բացած
ու երգող մի կին
փրկված շուրթերով
դե լավ գնամ եմ...
ահա վերցնում եմ
փոքրիկ հայելիս
դնում գրպանս
(լավ է հիշեցի)
կանգառում եմ ես
մազս
հայելիս
ձեռքը թափ տվող
տիկին Արուսը
իր պատուհանից
ամեն բան ճիշտ է
թվում
վերջապես
միայն
հիշեցրեք
ո՞ւր էի... գնում...