top of page

Բալլադ ձիու մասին

Երբ երկինքը բացվեց

ու

սուրբ հոգին բարձրից

սավառնելով իջավ

մի ձայն լսվեց երկնից

որ ասում էր

- իմ սիրելին ես դու

ես քեզ հավանեցի

ժամանակներ առաջ

մեսիա կանվանեին

ինձ

կամ մարգարե…

բայց փոխարենը

հիմա

□շիզոֆրենիկ□ են

պիտակել ինձ

բժիշկները

գամել են ամուր

մահճակալին

այսպես

ու

հաբեր են խցկում

կոկորդիս մեջ

որոնք պարբերաբար

(վեց ժամը մեկ)

ընդհատում են

...հայտնություններս

նոր ավետարան չեմ գրելու… ոչ

(չեմ ուզում կրկնել նախորդ սրբերին)

բայց կքանդեմ ե՛ս էլ

տաճարը հին

երեք օրում

ու

կգրեմ նոր գիրքը

ոչ թե ինչ չանելու

այլ □ինչպեսի՛□ մասին

կամ կգրեմ

բալլադ ձիու մասին

ու

զինվորի ջահել

որ նշանվեր պիտի հաջորդ ամսին

թե չլիներ այս… պատերազմը

ահա մոտենում է ինձ...

նայե՛ք… նորից

նստում ոտքերիս տակ

ճերմակ բժիշկը նույն

թաքուն քմծիծաղով

- Աստված ի՞նչ էր խոսում

անցյալ գիշեր... պատմի՛ր

ու նայում է ուղիղ աչքերիս մեջ

- խոսո՞ւմ

Աստվա՞ծ… ինձ հե՞տ…

ոչի՜նչ… երբեք…

երազ էր դա հաստատ

կամ էլ գինին…

(կին եմ… գիտեմ ստել

արագ

մանրամասն նույնիսկ…

եթե պետք է…)

ու

բացի այդ ուշ է…

հոգնած եմ շատ

(գազը հանգցրի՞ - թե չէ…)

ա՜խ թե արձակեին մի պահ ձեռքերը իմ

քանի՜ Ղազարոսներ կկոչեի կյանքի

մատի մի շարժումով ինձ նոր ասված

ու

շուրթերս եմ սեղմում ափսոսանքով

քնկոտ եմ

ծույլ եմ

ու

թույլ

տեսիլքս՝ թմրադեղից մեռած ծաղիկ

իսկ դու

հարդարի՜ր... հարդարի՜ր մազերս

խնամքով

ու

ամրացրու ձեռքերս մահճակալին

...գթության քույր


bottom of page