top of page
Առավոտվա դեմ
երբ միտքս հոգնած է
սարսափելի
ռետինե բադիկը
իմ մանկության
իր պատռված կտուցով մեծ
շարժվում է ընդդեմ ժամանակի
ու
մգլած օդ բղկացնում պարբերաբար`
այսօրվա մեջ
հետո`
միտքս շարժվում է տաշտի մեջ
ինչպես մկրատ
ու
ստանում մի բացակա բադ
կամ բադաձև ոչինչ -
դատարկ խոռոչ
որ տխրեցնում է ինձ
ավելի շատ
քան բադիկն այն
ջնջված աչքով -
ասես էականը ոչ թե բադն է
այլ ձևը սոսկ
այնուհետ պարզ է`
չհոգնեցնեմ
միտքս շարժվում է
իներցիայով
հանց բացակա Աստված
համարյա թե
ու
կառուցում մնացածը
զերոյից
նշածս բադաձև խոռոչի շուրջ
bottom of page