top of page

Արարչին

այլուր

որոնողներին

ես

կարեկցանքով

սովորեցնում եմ

մորս տան տեղը

որպես

թանգարան

ուր

պահպանվում է

Աստծո մի մասը

երբ որ բոլորը

կլոր աչքերով

նայում են

նրան

աճպարարի պես

մայրս

մի ձեռքով

իր թևի մեջ է առնում

ոչինչը

ու

մյուսով հանում

փրփուր

լավաշը

հանապազօրյա

թաշկինակի պես

իսկ հետո

երբ դեռ

անհավատորեն

մենք շոշափում ենք

հացը օդի պես

նա

անսպասելի

շրջվում է կողքի

ու նայում ներքև

Աստծո

կեսի

պես

ես հիմա

Աստծո

մնացած կեսն եմ

որոնում միայն

bottom of page