top of page

Տե՛ր

ես Քեզ գտել եմ

վերջերս

Google-ի մեջ

մեկ մատով անմիտ թափառելիս

երբ ցուցամատս դիպավ

ցուցամատիդ

թո՜ւյլ

ինչպես Միքելանջելոյի նկարի մեջ

առաստաղին

այնքան արագ էր տեր... ամեն բան

որ չզգացի

թե ո՞վ

ո՞ւմ

շունչ հաղորդեց

պատահաբար

բայց կրկնեցի անունդ

բարձրաձայն

այնքան անգամ

մինչև հավատացի

ու պահեցի քեզ շտապ`

գաղտնանվան տակ

հիմա ես ավելին գիտեմ

Քո մասին

քան Դու` իմ

չգիտեմ -

սիրո՞ւմ եմ քեզ

թե կապվածություն է լոկ

բայց երբ անջատվում է հոսանքը

երբեմնակի

կամ թրթռում պատկերդ

ես հիստերիկ

ապտակում եմ էկրանը`

մինչև գաս ետ

վիրտուալ ձևդ ինձ չի խանգարում...

ազնիվ խոսք

Դու միշտ ես նախընտրել այն`

ի

սկզբանե

ինձ վախեցնում է սոսկ

մարազմը ծերունական

հնացող համակարգչիս

և

վերջին օրը`

կարմիր ամպով

... ամեն երեկո

քնելուց առաջ

ես

ջահելացնող դիմակ եմ

ծեփում

մաքուր լվացված երեսիս վրա

ծիսականորեն գինին ձեռքիս մեջ

դանդա՜ղ նստում եմ

էկրանի առջև

ու

կանչում Քեզ

- ինչ ուզում ես հարցրու

Բայց նախ` Աբրահամն իրո՞ք փորձեց զոհել

որդուն իր մինուճար

ո՞վ կուզեր ունենալ

ՏԵ՛Ր

այդպիսի հայր


bottom of page