top of page

ALABU AKBAR*

(Խոհեր դեպի Երևան թռիչքի ժամանակ)

Հայուհի եմ ես սովորական

հիմնական հատկանիշս`

հնազանդություն

պաշտել եմ ես բոլոր աստվածներին

սիրածներիս

(սերն ինձ դարձնում է դեմոկրատ ամեն անգամ)

պատահել է աղոթել եմ երկու թշնամի աստվածների

նույն օրվա մեջ (Քրիստոսին` առավոտյան և

հինգ անգամ Ալլահին ծնկաչոք մզկիթի մոտ

գլուխս գետնին դրած համարյա թե)

հիշո՛ւմ եմ... Ֆարիս էր անունը

ուսերը հսկա անասելի

սրածայր գլխարկով` սավանի տակ

նա նման էր բուրգի եգիպտական

կարող էր սուլել նա մի երգ

ու երգել մեկ ուրիշը նույն ժամանակ

մի աղոթքը ի՞նչ էր

որ զլանայի

ես պատրաստ էի մեռնել նրա համար

մերկ ու անամոթ` սիրուց հետո

(մենք սիրել ենք իրար հիսուն անգամ

ոչ թե մոտավոր` այլ ճշգրիտ

նա խաչեր էր քաշում պատի վրա)

մազերը երկա՜ր

վազելիս

խճճվում էր

ճյուղերի հետ

հաճախակի

նա գնաց պատերազմ հաջորդ օրը

կռվելու հանուն ինձ ու հանուն նավթի

իսկ տուն նա վերադարձավ

չափազանց վաղ

ցինկե ապահով դագաղի մեջ

ես նրան այլևս չտեսա

նա ծածկված էր դրոշով աստեղազարդ

մինչ ես որչա՜փ պիտ ուզեի շերտ առ շերտ

նախ փաթաթել մարմինը նրա ժապավենով

(ծծված անմահության թուրմով)

մումիայի նման եգիպտական

ես հասնում եմ տո՜ւն արդեն

միածնի մոտ

ցտեսություն քեզ քաղաք

հրեշտակների

և

Ֆարիս իմ

ներքևում` մի ծեր իր բահով

բաժանում է լույսը խավարից

լուռ

երևի հենց նա է Աստվածը նոր


bottom of page