Վահան Վարդանյանին
Հերոսը ես չե՞մ իրականում
որ դիմացել եմ հեղմանը քո վայրենի
ու որսացել
ճիգիս ճշգրիտ կորագծով
ցավիդ ձայնը աննախադեպ
քաոսի մեջ
հստակ ու անճաշակ
ինչպես ազատվող Հոր առաջին ճիչ
ինչպես գոռոց
ե՛ս չե՞մ հաղթահարել արդյոք
աղմկալի տրոհումդ բառի
գոյությանդ շքերթը ընկնավոր
աչքերիդ անշարժ հայելու մեջ
սանձելով հայտնություններդ անհնարին
բառերիս միամիտ շխկշխկոցով
գնա՛ ու մի՛ թող հասցեն հավերժության
ես կվերադառնամ այնտեղ համրաքայլ
ինչպես հանցագործը հանցանքի վայր
և կսրբեմ տիեզերքդ ճոռոմ
փեշիս ծայրով
բոլոր հետքերից քո մեղքերի
ինչո՞ւ ես ցանկանում որ հիանամ
հանճարիդ անդուր հռհռոցով
մտքերիդ հսկա թռչունների
թևաբախման ռիթմով ահագնական
ասթմատիկ շնչառությամբ տիեզերքիդ
երբ իմ ուզածը իրականում լռությւոնն է
ե՛ս չե՞մ ընդհատել ճիշտ վայրկյանին
մահացու հորդահոսը կասկածներիդ
դիմադրել մտքիս ծույլ եղեգով
իմաստությանդ գետին փրփրաբերան
և կամ
անտրտունջ արձագանքել
Տիրոջ զառանցանքին -
արյանդ մեջ
ինչպես նախնական ցավ
ունայնության դատարկ խոռոչի մեջ
ասենք մարգարե ես
ընդունենք Հայրն է խոսում քո շուրթերով
կամ եկել ես ահա` երկրորդ անգամ
ինձ այսուհետ ի՞նչն է զարմացնելու
ո՞ւմ եմ սպասելու ես... մտածե՞լ ես
հ.գ.
վաղը
համրաքայլով բալետային
կատվի հիշողությամբ
նախքան ընթրիքը նոր
ես կդառնամ կրկին
օվալ սեղանիդ մոտ
ինչպես հանցագործը` հանցանքի վայր…