top of page

Վարդագույն մի աղջկա

(կամ ափսոս չէր վարդը)

ժամանակը

անվերջ

անքնություն

տիկ-տակ

աննպատակ

ոչինչ էլ չի փոխել

իմ մեջ

մանկան պես

ոտքովս եմ մինչ օրս

ցած գցում ծածկոցս

առավոտյան

մատուցելով մարմինս

մորեմերկ

ճշմարտության նման`

արեգակին

ու

հիանում վախվոր

շարժումներով

սեփական մատներիս`

պատի վրա

իսկ վարդը ափսոս չէր

քո՛ւյր

եթե թաքուն

չես վաճառել հայացքդ

սատանային

ընդհակառակը` խնամված ու փրկված է այն

(ինչպես ամենայն գեղեցկություն)

ուր էլ լինի

մազերիս

տողերիս

թե ազդրերիս մեջ

այդքան ապահով

մեկ էլ

Տերն է զգում

կույր

խոնարհ սրտի մեջ

հավատավոր

իսկ փառք`

իհարկե ցանկանում եմ

լաց կլինեմ մինչև իսկ

եթե չտաք

չասացի՞ մանուկ եմ

և ուրեմն

սիրում եմ ամեն բան

շխշխկացող

շարժական ամեն ինչ

պսպղուն`

միայն թե մեկ օրով

ամենից շատ

մինչև ձանձրանամ

ու շպրտեմ

պատահական մի տեղ խոհանոցում

չհիշելով և ոչինչ այդ մասին

ասես չեմ ունեցել այն

երբևիցե

պարզվում է ափսոսը

սոսկ դո՛ւ ես -

վարդագույն չքնաղ էգ

ոչ թե վարդը

լավ չէ՞ ուրեմն սիրես ինձ

հանուն իմ չքմեղ անմեղության

անքնությանս համար

ու

վախվորելուս ձևի`

թեկուզև

ինքս ինձնով հրճվելու

ընթացքի մեջ

չթվարկեմ

հաստատ

եթե ուզես

մի բան կգտնես

ինձ սիրելու

հ.գ.

ի վերջո կորած չէ դեռ ամեն ինչ

հուսով եմ

հիշում ես չէ՞ քույր

հայացքդ...

վարդը...

սատանային


bottom of page