top of page
Հանում եմ ձեռքս
պատուհանից դուրս
և ձյան սպիտակ
ասեղները սուր
իջնում են ափիս
չոր փշերի պես
մաշված պսակիդ
այսօր ծնունդդ է
մեր խոհանոցում
մորս պատրաստած
խմորի վրա
բոցավառվում են
երկու հազար մոմ
իսկ Դու չկաս դեռ
բավական է... վերջ
բավ է անտարբեր
փշրես պսակդ
աշխարհի վրա
ահա իմ ձեռքը
իջիր ափիս մեջ
ես Քեզ կբռնեմ
նույն զգուշությամբ
որով հայրիկս
տուփից հանում էր
մարմինդ փխրուն
ու զգույշ
դնում
իմ տոնածառի
կատարի
վրա
մորս մատները
բոցավառում են
երկու հազար մոմ
վերջին անգամ եմ
ձեռքս հանում դուրս
եթե ուզում ես
իջիր ափիս մեջ
bottom of page