Երբ հեռացար
գիտե՞ս
կարոտն իջավ
քիչ անց
ցողի ճշգրտությամբ
տերևների
խոտի
մաշկիս վրա
անձեռնելի
սակայն
արդար ու մեծ
ինչպես Աստված
հաջորդ առավոտյան
ես դուրս ելա տնից
պայծառացած
վսեմ
ոնց մարգարե
ու
գնացի զվա՜րթ
էշիս վրա նստած
գլխիս՝ փշե պսակ
...ձեռքիս՝ ձիթենու ճյուղ
դեպի լեռը հեռու
հանդերձս ծածկել էր
իշուկիս
ամբողջությամբ
հորիզոնը կարմիր էր
առջևում
ետևիցս գալիս էին
նրանք -
հազարավոր
անսեր
երկարափեշ կանայք
հայհոյելով
ափերի մեջ քարեր
սուրսայր
քիչ անց մի ձայն
ասաց ինձ
□հորանջի՛ր□
ու թիթեռներ թռան
հազար
իմ բերանից
ետ նետեցի ճյուղը
իմ
ձիթենու
ծաղկեփնջի նման
ջահել հարսի
աղոթելով
նրանց
սիրո համար
երբ շրջվեցի`
ձեռքերի մեջ կանանց
քարերը այն հազար
ճյուղեր էին դարձել
ձիթենիի
խաչակնքելով
մոտենում էին
ու դիպչում էին
նրանք հանդերձիս
ծաղկած ձեռքերով
- օրհնյալ լինես դու
- օրհնյալ լինես դու
ես փորձում էի
հասկացնել նրանց
որ ես չեմ... ես չեմ
բայց արդեն ուշ էր
ու
գալիս էին դեպի ինձ
շարքով
մանուկներ ու ծեր
...բոլո՜ր կողմերից