top of page

Պիկնիկ` լճի ափին գիտնական սիրածիս հետ

Կիսվել են լուսինն ու գավաթները

իսկ մենք չենք կիսվում

չենք կորցնում ինքներս մեզ

(ամբողջովին նույնն ենք -

արյուն ու միս)

մինչդեռ ես այնպես ցանկանում էի

որ դառնանք ոչինչ

գորշ

անձև ու բութ

այն նյութի նման

որից սարքված է տիեզերքը այս

թող անմիտնե՛րը դավանեն կավին

մենք հո գիտենք որ ծաղկին փրկողը

դատարկությունն է սոսկ ծաղկամանի

և

ինչի՞դ են պետք

պատմությունները

հսկա անճաշակ դինոզավրերի

կախվիր փեշիցս

ու եկ տանեմ քեզ

դեպի ծառերն այն

որոնք ցցվել են

հորիզոնում` տես

կախաղանների սյուների նման

թո՛ւ... անիծվի այս

հիշողությունը ու թող ինձ ներվի

եթե կրկնում եմ տողերն ուրիշի

չասի՞ դատարկենք բաժակները այս

վերջնական

լրիվ մոռացման համար

ու ճամփա ընկնենք

նոր ապաքինված կույրերի նման

(ողջը հրաշք է ու այնքա՜ն սիրուն)

իսկ եթե իրոք հոգնած ես այդչափ

եկ պղպջակներ թքենք ջրի մեջ

ո՞ւր ես թաքցրել գլուխդ

խենթո՛ւկ

չլինի՞ դու ես Մոնա Լիզայի

փեշի տակ ծպտված ջահելը`

տղա՛

այլապես ինչո՞ւ ինձանից անկախ

առեղծվածոտ

ու

չափավորված է դառնում ժպիտս

(լճակի անշարժ հայելու վրա)

երբ գանգուրներով

դիպչում ես ծնկիս

դե՛... դուրս եկ գնանք

դեպի ծառերն այն

որոնք կանգնած են հորիզոնում

տե՛ս

կախաղանների սյուների նման

կամ... եթե իրոք հոգնած ես այդչափ

մնա փեշիս տակ


bottom of page