top of page

Չասես միայն... որ չես լսել

Քանի՞ցս խնդրեցի Քեզ

Հա՜յր

որ հնար տաս ինձ

դառնալ

ինչ ցանկանամ

ինչ

բացակա է

քիչ է

և կամ` չկա

չլսելու դրիր

բարկացրի՛ Քեզ

ստիպված

որ գոնե այդ ձևով

նկատես ինձ

շնացա՛

չսիրեցի հարևանիս

անգամ հայհոյեցի Քեզ

թղթի վրա

ու

տետրս բաց թողեցի

դիտավորյալ

գիտե՛մ -

կարդացե՛լ ես գրածս

երեք անգամ

չկարծես ինձ էր պետք

խնդրածս այդ

ուզում էի մա՜յր դառնալ

որբանոցում

ծերանոցում

դառնալ հիշողություն

ոսկի էի ուզում դառնալ

հա՜

անակնկալ

աղքատի մաշված գրպանի մեջ

իսկ ճոխության մեջ

հանգիստ կաց (պոետ եմ)

ես ինքս էլ կարող եմ

վերափոխվել կտրուկ

աղքատության տարրի`

...եթե ուզեմ

ես հե՛չ

գոնե գիրս դարձրու

ուզածիս պես

որ ասեմ եղիցի՛ լույս

ու լո՛ւյս լինի հա՞ Հայր

կամ էլ

մի՛ խլիր ժամանակս

ազա՜տ թող ինձ

որ գնամ փնտրեմ

մեկ այլ Աստված

հ.գ.

այս մեկն էլ ու վերջ - Տեր

խոստանում եմ

Քեզանից

ոչինչ չուզել այսուհետև


bottom of page