top of page

Մորս հետ հանրային բաղնիքում

...Մաքուր եմ ...սակայն ...տիկնիկի նման

մերկացած մայրս

հերթականությամբ

հանում-նետում է

շորերս արագ

հետո

մի ձեռքով

արագ բացում

ու

արագ

փակում է

դուռը բաղնիքի

կաթսայի տձև

կափարիչի պես

ոչինչ չեմ արել...

բայց մայրս ասես

պատժելու նման

բռնած քաշում է

մարմինս առաջ

որը մի պահ անց

ինձանից անկախ

բջիջն է դառնում

մի բազմաբերան

միգամածության

նույն ժամանակ են

խոսում բոլորը

կլոր բառերը

անձև շուրթերից

ելնում ու տեղում

լուծվում են ջրում

ու համընդհանուր

մի թաց աղմուկ է

ծորում ոտքերիս

լուծված բառերի

օշարակի պես

կոտորակի մեջ

անվերջ կրճատվող

բառերից հետո

մնացած վերջին

եզակի վանկով

անկապ դզզում է

բաղնիքն ականջիս

փարթամ ու դեբիլ

երեխայի պես

ինչ-որ մի կոնկրետ

ջերմաստիճանում

իր եռման կետին

հասած նյութի պես

ներքին պայթյունով

պոկվում է հոգին

լողացողների

ու ելնում-կախվում

առաստաղի հին

կտավի վրա

ուր հոգիները

ստվերների պես

նախ հետևում են

տձև տերերին

ապա գտնում են

իրենց ճիշտ տեղը

գլուխկոտրուկի

նկարի նման

իմ սահմանները

մի վերջին անգամ

զգալու ճիգով

ես կրճատվում եմ

ապա հանդարտվում

նյարդաթելի պես

որ հայտնվել է

իրենից անկախ

մի ճոխ մկանի

կոնգլոմերատում

գաղտնիքներ չկան

այստեղ

բաղնիքում

մի մայր բարկացած

արագ սրբում է

պատռված շուրթով

դեմքն իր աղջկա

և կշտամբանքի

խոսքեր մրմնջում

պատռած

շուրթի տակ

... էլ չանես... Աստված

փառք Տեր

հեռվում է

արդեն բաղնիքը

մայրս կրճատված

ստվերի նման

քաշում է ճիգով

մարմինս առաջ

ու

շարժվում եմ ես

ետ-ետ նայելով

խոնավ դզզոցը

ներբաններիս տակ

bottom of page