top of page

Մոտ եկ

ուզում եմ

մի բան ասել քեզ

խոսքս

պատմության մասին չէ

կյանքիս

կամ

իմ խենթության

և կարևոր չէ

նույնիսկ կիրակին

այն թեթևամիտ

երբ երեք անգամ

նույն գիշերվա մեջ

ուրացա սերդ

...մինչև աքաղաղ

խոսքս

պատմության...

տարբեր դեմքերի

ու ջիլ ազդրերի

առաջխաղացման

մասին չէ հիմա

այլ

այն հանճարեղ

մատների միայն

որոնց պատճառով

կոնքերս այսօր

այս ձևը ունեն

և ոչ թե մի այլ

խոսքս

դեմքերի

և անունների

հերթականության

մասին չէ ասի

այլ

մեջքիս դաջված

մատնահետքերի

որ մնացել են

մարմինս

մեղքով

ու

մոռացությամբ

հինգ հազար անգամ

լվալուց հետո

խոսքս

պատմության մասին չէ ասի

կամ... խնձորների

այլ այս կոնքերի

մետամորֆոզի

մասին է միայն

և այն մատների...

մոտ եկ

ուզում եմ

մի բան ցույց տալ

քեզ...

bottom of page