top of page

(ապագայից` իմ օտար ընթերցողին)

Երբ կարդաս ինձ

(իսկ ես գիտեմ հաստատ

որ կարդում ես)

իմացի՛ր

ճիշտ է ուրեմն

որ գիրն ապրում է

երբեմն

ավելի շատ

ու

հասցնում է

վրեժ լուծել հաճախ

իր տիրոջից

ի վերջո ես` ճյուղս

ինչ մեղավոր եմ

որ հսկա էր ծառը

իմ հայրենյաց

ու

այնքան ծուռ

որ սնանկս այստեղ իսկ

այսքա՜ն հեռու

ակամայից

տարիներ անց

հով եմ անում

օտա՜ր մարդկանց վրա

անցվո՛ր

երբ շոշափես ստվերս

կամ հանդիպես նրան

անձա՛մբ

ու

նա խոսի՛ քեզ հետ

(իսկ ես հաստատ գիտեմ

որ կխոսի)

գիտցի՛ր

ուրվակա՛նն է նա իմ

արմատների

ընկե՛ր

այլ ոչ լույսի նոր խաղ

հաջորդական

ստվեր սովորական


bottom of page