top of page
Առաջին սերը իմ կյանքի
հարևան տղան էր ծաղրածու
որ սովորեցրել էր ինձ
կանգնել գլխի վրա շնչակտուր
ու վախենալ
ծանոթ ծալքերից իմ փեշերի
- գիտես... ասում էր...
կուլիսների ետևում է լինում այդպես
հենց այդպես էլ նա սեր խոստովանեց
գլխիվայր` ոտքերն օդում...
մաշված պատեֆոնի ֆոնի վրա
որ հավասար խզզոց էր
ու
մեղեդի
ցնցելով վարդերը ոտքերի մեջ
զվարճալի
ինչպես տարօրինակ փունջ
կազմված կոշիկներից ու ծաղիկներից
հետո նա զոհվեց պատերազմում
կտակելով ինձ հեծանիվն իր
միակնանի
սրանով եմ կտրել
օվկիանոսը - վկան Աստված -
կլոր գնդակը այս քթիս վրա
հա հա հա հա՜
անհումոր հռհռում է քաղաքը
անվերջ հա հա հա հա՜
այն նույն պատիֆոնի ֆոնի վրա
միայն մեղեդի՜ն չկա վաղուց
խզզոց է
սոսկ խզզոց
ականջիս մեջ
bottom of page