top of page

Լույսից առաջ եվ հետո

Երանի որդերին գարնանային

որ լսում են ձայնը

աճող ձնծաղիկի

ու կորեր պարգևում սևահողին

այլապես գրում են բոլորը

քամին գրում է ժայռի վրա

ժամանակը գրում է

բանաստեղծի վրա

բանաստեղծը գրում է թղթի վրա

որդը հատորներ կարող է գրել

մթության մասին (եթե ուզի)

այս մթության մասին

ու նաև այն

որ պարալիզում է միտքս

հենց հիմա

(չգիտեմ ինչպես սկսել

այս

պատմությունը)

գուցե հենց պորտապարո՞վ որդի

խավարի մեջ

տելեսկոպիկ պատկեր

որ կարող է կրկնվել

անվերջորեն

որդը` թռչնի փորում

թռչունն` անգղի

անգղը` շնագայլի

գայլը` կետաձկան

կետաձուկը` մարդու

մարդը`... պատերազմի և շարունակ

բայց որդն ընկավ

պատահաբար

թռչնի բերանից

թը՛մփ

նույն հողի մեջ

(որդը սևահողի

որ տեղյակ էր արդեն

լույսի մասին)

ու

հիմա պատմում է

ու

պատմում

շքեղ լույսի մասին

ամպերից վեր

...ու ոչ ոք նրան չի հավատում

- լո՞ւյս... ավելի՞ լույս

խնդմնդում են նրանք (սխալ շեշտադրությամբ)

ու

շարունակում

իրենց խմբակային

ակրոբատիկան

կույր նախշեր պարգևելով սևահողին

- որդն այս կարող է հատորներ գրել

այդ լույսի մասին

բայց ո՞վ է կարդալու այն

հողի մեջ

գարնանային

ու հատկապես

այնքա՜ն զբաղված


bottom of page