top of page
Ինչպես բույն շինող
հոգնած թռչնից -
վերցնում եմ շյուղերը
մորս ձեռքից
ու դնում մի կողմ զգուշորեն
(սելմագից է առել անցյալ ամառ
ուր ճարվում է ամեն բան
սկսած տրակտորի մասից
մինչև կոճակ... կրծկալ ու պաղպաղակ)
(ծեր մայրս - լարված ռումբ սրտիս մեջ
պատրաստ պայթելու ամեն վայրկյան
ես ծածուկ վերածվում եմ օվկիանոսի
ու թախիծս նոսրանում է սպասվածի պես)
տե՛ս... նորի՛ց` քնել ես մի աչքդ բաց
մահվան գայլին սպասող հովի՞վ ես մայր
ե՛ս կհսկեմ – իջեցնում եմ անխոս մյուս կոպը
չեմ քնելու միևնույն է ամբողջ գիշեր
ահա և կծիկը քո – չնամռոտես
դնում եմ կողք-կողքի շյուղերիդ հետ
մի կծիկ էլ լինի՜ – ետ ու առաջ
անփութորեն փաթաթված թղթի վրա
մի տեղ ավելի հաստ - մի տեղ բարակ
bottom of page