top of page

Ժամանակի մահվան մասին

Ձեռնափայտն եմ ես

կույր ժամանակի

պոե՛տ եմ

մի խոսքով…

լսի՛ր

մի օր նայեցի ու տեսա

որ ժամանակը գետ է մի

որ կտրվի ծովի՛ն շուտով

ու

կկորցնի անունն իր

ան-վե-րա-դարձ

տեսա նաև

Աստծո լռության վերջը

ճի՛գը տեսա խոսքի

այո՛

և երկինքը տեսա՝ որը լի էր

դառը պտուղներով

անմահության

բայց միևնո՛ւյն է

...կվերջանա ժամանակը

վերջիվերջո

քանզի այն լցվել է

օրերիս մեջ

իմ մեջ

ու տողերիս

և

տանում եմ ես` պոետս

այն

ինչպես կույրին

դեպի վերջ

դեպի մահ

դեպի… տուն


bottom of page