top of page

Թեթև ու չոր

ինչպես կույսի համբույր

ինչպես վաղո՜ւց մեռած

ծաղկի թերթիկ

սարդը ընկավ կրծքիս

ճշգրիտ գծով

ու նույն գծով էլ

երկնեց

հոգին

ճիշտ ժամանակն է

ուզում եմ սիրո թանգարան հիմնել

իմ անկողնու մեջ

ուր ցուցադրվեն

բոլոր մատները

կիսախավարը կրկնապատկել է

կծված խնձորի հոտն իմ սենյակում

ուզում եմ սգվոր թիթեռներ դաջել

ձեռքերիս վրա

ու թռչել դեպի գերեզմանոցը

անցած սերերիս

և ասել նրանց

- ղազարոսնե՜ր

սահեցրեք նորից իմ մաշկի վրա

բալերոնները ձեր տաք մատների

թեթև՜

անմարմին

ոգիների պես

մեռած մատների

մի սարդ ընկավ կրծքիս

ճշգրիտ պահին

ու

արթնացավ

մեռած... մի սեր


bottom of page