top of page

Երբ աշխարհը ցնցվեց

Երբ աշխարհը ցնցվեց

հաջորդական անգամ

ու առաստաղն ընկավ

նոր երգերիս վրա

հիացման պա՜հ

տողերս չփախան վախկոտ

ինչպես մարդիկ

թաքնվելու

այլ մնացին հենված միմյանց

ես նրանց դասեր չեմ տվել փրկվելու

երբևիցե

այնուհետ ջրհեղեղն էր -

երգերս լողում էին ջրի վրա

մի տող

փրկարար հսկայի պես

ափ էր հասցնում մյուս տողին

ու գալիս ետ

... հասցնում ու գալիս ետ

քիչ անց երազս էր մեռնողի -

ճերմակ լույսը վերջում այնքա՜ն պայծառ

որ տեսնում եմ տարիներս գալիք

քարե աստիճաններ երկինք տանող

ու

տողերս եմ տեսնում

արագ ու մկանուտ

հավերժի ալարկոտ ընթացքի մեջ

հիմա այստեղ եմ ես

պատկերացնո՞ւմ եք... ես

ես որ միգրեն ունեմ

ու խուսափել եմ միշտ

ուժեղ լույսից

նաև ճանապարհից

հեռո՜ւ հավերժության

կոշիկներիս պատճառով

բարձրակրունկ

այս պահին

թերթում եմ ամպերը էջ առ էջ

լսի՛ր ինձ` գիտեմ

որ այդտեղ ես

- այն օրը Կարսի փողոցներում

հանդիպեցի Կարինե Քոթանճյանին

ու ասացի քո ուզածի պես

Չարենցն ասում էր քեզ` □մնաս բարով□

հ.գ.

ականջի՛ն ասացի

սակայն հստակ -

մենակ չէր Կարինեդ այդ օրը


bottom of page