top of page

Երազում` չարենցի հետ

Երազիս դու միացար ուշացումով

երբ կիզակետին էր հասել արդեն

խրախճանքը

և

պոետները մյուս

վաղո՜ւց հարբած արդեն

հայհոյում-համբուրվում էին

քրքջոցով

բաց կրծքերով պոռնիկների

գրկերի մեջ

ինչպես տրոյացիք

հաղթանակած

բայց ինչ լավ է

որ դու եկար

ընկեր... երազիս մեջ

թեկուզ ուշացումով այդքան

թեկուզ մաշված

դավից

ցավից

ու

հաշիշից...

քանզի ուրի՛շ է ժամանակը իմ

ես չեմ ընկնի ձեռքով չարագործի

չեն հանդիպի ուստի

մինչև իսկ անդրաշխարհում

ծնոտները մեր ծռմռված

հանգերի տակ

ու

բացի այդ

ես կին եմ սիրուն աչքերով

և ասպետորեն

անպատիժ կմնա ձայնն իմ

հորանջի մեջ

չի թաքցնի ինձ հողը

մաս-մաս

գանձի նման

ես կթաղվեմ շքե՜ղ

իմ թռչնի հետ

դու միացար երազիս

ուշացումով

բայց ընդունի՜ր

խմել էիր հաստատ

ճանապարհին

այլապես այդ ո՞նց եղավ

որ այդպես հե՜շտ խառնվեցիր

բոլորիս հետ

հավասարը հավասարի նման

առանց նախաբանի

այդպես

միանգամի՛ց

bottom of page