top of page

Ես հավերժական սարդն եմ

Ես հավերժական սարդն եմ

ութոտանի

ես ձգվում եմ պատուհանի

ու

էկրանի միջև

անվերջորեն

իրական ու վիրտուալ

մահերի միջև ընկած

սնամեջ ժամանակում

ամեն բան երևում է կենտրոնից իմ`

մի բողբոջ բացվեց նորից մի քիչ

մի ծիտ երգեց ծանոթ մի երգ

մեծ էկրանի վրա -

մի կին տղա ծնեց կրկին

մի զինվոր պայթեց բողբոջից շուտ

նախ լույսն է

ապա` ձայնը

(բնության օրենքները պահպանվում են

խղճինը` ոչ)

լույսը

ձայնը

փոշին

կոշիկները

մայրը ճչում է ու ընկնում վար

հողը թանգարան է ստորգետնյա

սա զինվորն է մահից չորս դար հետո

իսկ սա՝ չորս ժամ հետո ընդամենը

ամեն բան կրկնվում է նույնությամբ...

ուրեմն սխալ է ինչ-որ մի բան

ես հավերժական սգվորն եմ

չորս սև գլխաշորերով

պապիս սպանեց թուրքը

հորս սպանեց գերմանացին

որդուս սպանեց ազերին

իսկ աղջիկս երեկ է տղա ծնել

սպանեցին

սպանեցին

սպամեցին

պատմությունը կրկնում է իրեն նույնությամբ

ժամանակն է Բարաբայի վերընտրության

ես քառաձայն երգչախումբն եմ

հավերժական ողբալացի

ես մեցցո-սոպրանոն եմ թավշյա կույսի

ես լիրիկական տենորն եմ նորահարսի

ես զուսպ բարիտոնն եմ այրիացած կնոջ

ես խռպոտ բասն եմ կատարակտով տատիս

ես հավերժական ոչինչն եմ ութազդրանի

տատս ծնկեց ու տղա ծնեց

մայրս ծնկեց ու տղա ծնեց

ես ծնկեցի ու տղա ծնեցի

աղջիկս ծնկեց ու տղա ծնեց

մեր տղաները չոչ են անում

կանգնում են

ու ընկնում վար

օվկիանոսները կարիքը ունեն խեղդվողների

ես հավերժական պարուհին եմ

ժամանակի

կաբարեի պարող քառյակը նույն

նույն մկանե շղթան ութազդրանի

ու նույն մահվան պարը

հրազենի փայլուն լույսերի տակ

տատս թեք ծալում է ձախ ծունկը ու նայում աջ

մայրս թեք ծալում է ձախ ծունկը ու նայում աջ

ես թեք ծալում եմ ձախ ծունկս ու նայում աջ

աղջիկս թեք ծալում է ձախ ծունկը ու նայում աջ

(ատում եմ պլագիատ ծնկները այս)

ես պատերազմի աստվածուհին եմ

մետաղափայլ -

կամուֆլյաժ փեշով

արնակարմիր

կրծքիս տեղ՝ ռումբեր

ժամանակը դիպչում է ստինքներիս

ու ընկնում վար

ես կլինեմ միշտ... հարցն այդ չէ

սակայն ինձ տխրության չորս եղանակ է պետք

իսկ այստեղ ամառ է կլոր տարին


bottom of page