Գտել եմ արդեն
երկնքի ճամփան
ու
բարձրանում եմ
սեփական մեղքիս
վերամբարձ ուժով
հիմա գնում եմ
մի ուրիշ աշխարհ
ես բարձրանում եմ
արդեն սովորած
անցյալը հեռվում
թողնելու ձևը
և
ներքևում եմ
թողնում
օդը - որ
լի է
ծափերով
ու
ոսկու հոտով
ես բարձրանում եմ
տառապանքից վեր
և
իմաստնացած
ձմեռ պապի պես
աչքով եմ անում
ու
թափահարում
ձեռքս օդի մեջ
մեղքերս
ինձնից
պոկվում-ընկնում են
փետուրների պես
իսկ ես գնում եմ
գնում եմ ասի
մի ուրիշ աշխարհ
ետ-ետ նայելով
ես վեր եմ քաշում
հագուստիս երկար
մետաքսյա պոչը
իմ մոտիկները
հեռու են հիմա
ու սակայն վարում
ինչ-որ մի աղջիկ
հարսնավորների
ամբոխի միջից
կարողացել է
օդի մեջ որսալ
չքնաղ մեղքերիս
ճոխ ծաղկեփունջը
ու
վեր է պարզել
երկնքի հաջորդ
ուղևորի պես
ես
կույսի նման
տրվելու մեջ եմ
զգում ուժը իմ
ու
բարձրանում եմ
անծանոթ կրքի
վերամբարձ ուժով
գնում եմ ասի
մի ուրիշ աշխարհ