top of page

Գարուն է

զատիկ է

սեզոնը հարության

շարժվող մարմիններ ամենուրեք - շուրջդ

քարերի տակ

□Ղազարո՛ս□ կանչիր կեսբերան

ու կգան

փայլուն կոշիկներով

ինչպես առաջ

բայց գալիս է մայրս՝

(կնճռոտ Աստված)

սարը թող մնա իր տեղում

ինչպես որ կա

Տեր

փոխարենը

կարո՞ղ ես սրբել մորս դեմքը

հանց բորոտի դեմքն այն

հիշո՞ւմ ես

անապատի

կարո՛ղ ես... գիտեմ ...եթե ուզես

ինչպես կրիան հալչող

պատյանի տակ

դողում է մայրս՝

(ջերմող Աստված)

շխկշխկում են ոսկրերը

կուզի մեջ

փո՜ւչ օրեր թզբեհի

որ չհասցրին դառնալ

երջանկություն

Տե՛ր

կարո՞ղ ես հանել

մորս տենդը

(հանց Սիմոնի մոր տենդը... հիշո՞ւմ ես

անապատում)

կարո՛ղ ես... գիտեմ... եթե ուզես

տոն է... պարում են...

Դո՞ւ ուր ես...

փոշոտ Ղազարոսնե՜ր ամենուրեք

մթնեց

քանի՞սն է որ

լուսինը հոգնած ծիծ երկնքից կախ

ամպերը գառնուկներ

Տերը՝ հովիվ

(ծլկելու մասնագետ ես... Հայր)

լա՛վ... ե՛ս էլ շարժվեմ

կամաց-կամաց

կես մնաց լվացքս երեկվանից


bottom of page