top of page

Առաջինը լացն էր

Երբ փոքր էի... լսիր

խաղում էի տիկնիկիս հետ

ամբողջ ժամանակ

կամ լաց լինում

հիմա`

երբ մեծ եմ ու չկա նա

(տիկնիկս մահացավ 64-ին)

սոսկ լաց եմ լինում

ամբողջ օրը

ես Հերան եմ վաղուց

տիրուհին հիստերիկ կանանց

ես կարող եմ լաց լինել

բոլոր մատներովս

տասը

և պոկել մազերս

հընթացս

ես լաց եղա մի օր կրակի մեջ

ու

համրացան նրա լեզվակները

ես լաց եղա ջրի մեջ մի օր

ու

համրացան բոլոր ձկները

ես լաց եղա օդում ... անզգուշորեն

ու

համրացավ Աստված

սոսկալի էր լռության լռությունը

այդ օրվանից ի վեր

ես ճչում եմ միայն

ամբողջ ուժով

ու արձագանքում են ինձ... փա՜ռք

քամին

մարդիկ ու դուք՝

թռչուններդ...

մեկն ինձ հարցրեց մի օր

- չամուսնանա՞նք

- բայց ես Հերան եմ... սիրելիս...

հասկանո՞ւմ ես

- Հերա՞ն... - հռհռաց նա - Հե՞րան

հ.գ.

թե ուզում եք պատժել ինձ

կախեք մարմինս երկնքից

կապարե ականջօղերով`

ոտքերս վեր


bottom of page