«Դե Ֆակտո» 38 (2009թ.) Բան կա, որ փոխվում է մեր շուրջը։ Կա բան, որ մենք ենք փոխում։Բայց ամենակարևորը այն բանն է, որ փոխվում է մեր մեջ։էմիլի ԴիքընսընՎեհանալու զգացումը հոգևոր մարդու ամենաբնական պահանջներից մեկն է, ու հենց դրան է ծառայում արվեստը՝ իր բարձրակետում։ Արվեստի գործը այս զորությունը ձեռք է բերում այն ժամանակ, երբ արվեստագետը վերածվում է իր գործին. նկարիչը դառնում է իր գույնը, գրողը՝ իր տողը, հոգու ճանապարհով ընթացողը՝ իր ճանապարհը։ Քրիստոսը ազդարարեց, ասելով՝ «Ես եմ ճանապարհը», «Ես եմ ճշմարտությունը»… ու նրան մեծամիտ կոչեցին…, խաչեցին, այնինչ նա մարդու բան էր ասում, խոսում էր արարման պահին արածիդ հետ նույնանալու անճիգ էքստազի մասին, երբ թվում է, թե ոչ թե գրում ես, այլ գրվում է, երբ ոչ թե քայլում ես, այլ ասես քայլվում է։ Սա հոգևոր ազատության այն պահն է, որի մասին էր (իմ խորին համոզմամբ) խոսում Քրիստոսը, որը ծանոթ է արվեստագետին ու հոգևոր մարդուն, և որը իր էներգետիկ հզորությամբ ծակում-անցնում է ուրիշ սրտերի միջով, հուզում, ոգևորում, վեհացնում ու հույս է տալիս։Այս մեխանիզմով են ներգործում բարձրագույն արվեստն ու հայտնությունը։Իսկ ինչպէ՞ս է պատահում, երբ այս զգացումները պարգևողը ո՛չ սուրբ է, ո՛չ էլ արվեստագետ, երբ միջոցը ո՛չ գիրն է և ո՛չ էլ գույնը, երբ մարդը կարողանում է հույս ու տեսիլք ներշնչել պարզապես որ ապրելու, գործելու ու լինելու ձևով, փոխել ու հղկել իր շրջապատն ու իր հետ շփվողներին՝ առանց բարձրախոսի, առանց կեցվածք ընդունելու, ազատորեն ու անճիգ, ինչպես հոսող թուրն է հղկում գետի քարերը։- Ամեն ազատություն սահմանափակ է։ Կամ օրենքով, կամ կրոնով, կամ դաստիարակությամբ, կամ ալ մարդու հնարավորություններով։ Միայն մեկ տեսակի ազատություն գիտեմ, որ սահման չի ճանչնար։ Ատիկա մարդու երևակայության ու երազի ազատությունն է։ Ոչ մեկը և ոչինչ կրնան ասոնք կաղապարի մեջ դնել, ըսել, որ ատկե ավելի չի թույլատրվիր քեզի` երևակայել կամ երազել։ Հայը երկու երազ ունի։ Իր անհատական երազը և իր հայրենիքի երազը։ Այս մեկը իր մեջ տխրություն ալ ունի, մեր կորուսյալ հայրենիքի, մեր անմեղ զոհերու տխուր հիշողությունը։ Ատոր համար ալ հայու աչքերում թե՛ երազ կա ու թե՛ տխրություն,- խոսում է Վահագն Հովնանյանը մտերմիկ, սեղանի շուրջ նստած, ու ի հաստատումն իր ասածի, նայում աչքերիս մեջ հայացքով, որ կես երազ է ու կես տխրություն։ Հետո անմիջապես ավելացնում է.- Բայց մենք հիմա տխրությունը ավելի գործունյա բանով մը պիտի փոխարինենք։ Պիտի ուրախ ըլլանք, որ 800 տարի հետո մեզի նորեն պետականություն ունենալու հնար տրուեցավ ու պիտի միասին փորձենք կառուցել մեր երազի ազատ ու անկախ Հայաստանը։ Ղարաբաղի մեր հերոսները ոչ միայն գրավված հողերու մեկ մասը վերադարձուցին, այլ նաև հայու պայքարող ոգին, հպարտությունը, քաջությունը։ Այդ հերոսներեն մեկը իմ փեսաս է՝ Արթուրը, որ դեռ իր մարմինի վրա կը կրէ այդ կռիվներու սպիները։(Իմ կողմից ավելացնեմ, որ Նինան՝ Վահագն Հովնանյանի աղջիկը, որ կրողն է վահա•նյան անհատնում էներգիայի, գեղեցիկի պաշտամունքի և հայրենասիրության, այսօր ապրում է Հայաստանում ու ներկայացնում է «Հայաստանի գանձերը»)։- Բայց չմոռնանք, որ այդ հերոսներեն շատեր ալ տուն չվերադարձան։ Հարկավոր է այնպես ընել, որ թափված արյունը և կորած երիտասարդ կյանքերը վատնված չըլլան, որ այդ հերոսներու զավակներուն և մեր բոլորի զավակներուն ավելի ապահով ու հաստատուն Հայաստան ժառանգենք։ Ատոր համար անհրաժեշտ է, որ բոլորս պետական մտածողություն ունենանք ու չսպասենք զայն միայն պետական պաշտոնյաներեն։ Այնպիսի հայրենիք մը պետք է կառուցել, ուր կը ցանկանա վերադառնալ ամեն հայ։Այս ամենը լավ, մտածում եմ ես, բայց կապիտալի գերակայության նոր համակարգի մեջ՝ տնտեսական կախվածության, արևմուտքի ու համաշխարհայնացման պայմաններում, օտարածին կենսաձևերի գովազդի, համանմանության տանող հակազգային մղումների շփոթի մեջ հնարավո՞ր է պահպանել մեր ազգային հոգևոր արժեքներն ու գաղափարները։ Հապա շարունակվող արտագա՞ղթը որպես անօրենության ու գործազրկության դեմ կրավորական ըմբոստություն, անարդարությունը, այն, որ հնարավոր չէ առանց օրենքը խախտելու ինչ-որ բանի հասնել… կաշառակերաթյունը… ու էլի շատ հարցեր են ծնվում իմ մեջ, բայց բարձրաձայնում եմ միայն մեկը, որովհետև հենց առաջին իսկ հարցիս պատասխանից պարզ է դառնում, որ աշխարհի ամենահարուստ երկրի քաղաքացին ու շինարարը (Վահագնը իր 3 մեծ եղբայրների հետ միասին մեծ անուն ու ավանդ ունեն ամերիկյան քաղաքաշինության ասպարեզում, ու եթե չկա դրախտ, ապա ասացեք խնդրեմ, թե որտե՞ղ են գնում աշխարհին այսպիսի զավակներ պարգևող ծնողները…), որն այսօր կարող էր իր նվաճած ճոխ հանգիստը ապրել աշխարհի ցանկացած տեղ, տարվա մեծ մասն ապրում ու աշխատում է նորանկախ Հայաստանում, քանի որ, հակառակ բոլոր արատների, ինքը լավատես է։ Լավատես է այնքան, որ իր «ամերիկյան երազը» որոշել է իրագործել հայրենի հողի վրա, քանզի «ամերիկյան երազ» ասածը իր՝ Վահագնի համոզմամբ այն է, երբ մարդը ստիպված չէ անելու այն, ինչ չէր ցանկանա անել և կարող է անել այն, ինչ ցանկանում է…», և ինքը՝ Վահագնը, այդպես է ցանկացել։- Օրենքով աշխատիլ կարելի չէ՞,– սոկրատեսյան սկզբունքով հարցիս հարցով է պատասխանում նա,– իսկ ո՞վ ըսավ, որ կարելի չէ։ Ես ու ինծի պես շատեր սկզբունքորեն որոշած ենք ամեն բան օրենքով ընել։ Ոչ մեկ կաշառք։ Կաշխատինք ու տուրք կը վճարենք։ Բոլոր հաշիվները թափանցիկ ու մաքուր կը պահենք, ու թող օտար և ուրիշ ներդնողներ ալ գիտնան, որ Հայաստանի մեջ հնարավոր է առանց կաշառքի կամ օրենքը խախտելու աշխատիլ ու շահիլ։ Նպատակը արագ դրամ շահիլը չէ, նաև ճիշտ բիզնեսի ձևը ցույց տալն է։ Ոչ ոք կաշառք կրնա վերցնել, եթե մեկ ուրիշը չտա։ Կաշառակերության մեջ ինչո՞ւ միայն վերցնողը կը մեղադրվի։ Ատիկա երկու հոգիի գործ չէ՞։ Շատ բաներ կան սխալ, գիտեմ, փոփոխություններ ամեն տեղ պետք են. արտադրության մեջ, բիզնեսի հարաբերություններու մեջ, տնտեսության մեջ, օրենքի մեջ, բայց նախ և առաջ՝ մարդոց մտածողության ու անոնց հոգիներու մեջ։ Շատ համոզմունքներ, վերաբերմունքներ ու գործելաձևեր կան, որ սխալ են այլևս և վերանայվելու պետքը ունին, եթե ոչ արդյունքը միշտ ալ նույնը կը մնա։ Անանկ չէ՞։Հետո զգուշանալով, որ գուցե կոշտ էր իր շեշտը, նայում է ինձ մի հայացքով, որն իր տված զգացողությամբ հիշեցնում է հորս մատների սահքը մազերիս միջով՝ լույսը հանգցնելուց առաջ։ Սահք, որ նշանակում էր՝ քնիր աղջիկս… վաղը լավ օր է լինելու։Ժամանակին Էյնշտեյնն ասել է (ես ֆիզիկոս հորիցս եմ լսել սա), որ նույն բանը անվերջ նույն ձևով անելը և արդյունքում տարբեր բան սպասելը հոգեկան խախտման նշան է։ Եվ պատահական չէ, որ Վահագնը նույն ձևով է մտածում։ Նա ֆիզիկոս է։ Ի դեպ, լավ ֆիզիկոս։- Մե՛նք պիտի փոխենք։ Ամենքս միասին։ Սա մե՛ր հայրենիքն է…, չէ՞։ Ուրիշին հայրենիքը չէ։ … Ուրեմն վերջ…։ Մեզմե ամեն մեկը իր ընելիքը պիտի ընե։ Դուն քուկդ, ես՝ իմս, չէ՞։Ու այդպես էլ արել է։ Բերել է շինարարի իր տեսիլքն ու իմացությունը ու հայրենիքում կառուցել իր՝ Վահագնյան թաղամասը։ (Որոշել է վերադարձնել հայ թագավորների ավանդույթը, որոնք իրենց անունով քաղաք էին կառուցում և ժառանգում գալիք սերունդներին…)։ «Փորձնական թաղամաս», որ նախագծված է հետագայում դրախտում ապրել ցանկացողների համար՝ այն խոստումով, որ նրանց համար երկիր-դրախտ անցումը շատ ավելի հեշտ է կայանալու։ Կառուցել է նախ իր երևակայության մեջ, ապա երազի ու իրականոլթյան թույլատրելի սահմանում, երբ բոլորը քնած են եղել, թաքո՜ւն տեղափոխել իրականություն՝ լույսը դեռ լրիվ չբացված։«Կընայիմ անոր աչքերու մեջ ու գիտեմ, որ հենց հիմա բան մը կը ծրագրե,– երկնային ժպիտով ու հիացմունքով մի անգամ ասաց Վահագնի ամենամեծ նվաճումը՝ Հասմիկը (ում մենք՝ ես ու Նուբարը, անթև հրեշտակ ենք անվանում)։ Չեմ գիտեր ուրիշ մեկը, որուն միտքը այսքան երազներ արտադրե, մեկը, որ այդպես արագ ու աննահանջ իր երազներուն հետևե։ Վահագնը երևույթ է, հյումըր է, ծիծաղ է, շարժում է, սեր է, ոգևորություն է։ Անոր հետ ամեն բան կարելի է, բացի ձանձրանալեն։ Եթե նորեն ծնեի, նորեն զինքը պիտի ընտրեի»։Տարիների ընթացքում սերտաճել են նրանց հոգիները և մտքերը ու հիմա առանց խոսքի են հասկանում իրար։- Առաջին անգամ, երբ տեսա Հասմիկը, անմիջապես հասկցա, որ ա՛ն է իմ բաժինը։ Ընկերուհի ունեի։ Մյուս օրը ձգեցի։ Ամբողջ գիշերը Հասմիկին դռան մոտ արթուն սպասեցի, որ մյուս օրը չփախցնեմ զինքը տեսնելուս առիթը։ Այդ օրվընե ի վեր միասին ենք։ Ոչ մեկ վայրկյան զղջացած եմ որոշումիս համար։ Կյանքս երջանկությամբ լեցուց Հասմիկը։ Հրեշտակ է։ Աստուածս վկա։Դե ուրեմն էլ որտե՞ղ պիտի ցանկանար բնակեցնել նրան Վահագնը, եթե ոչ այստեղ՝ Վահագնի թաղամասում, որ ինքնին դրախտից պոկված մի կտոր է` իր խնամված կանաչով ու մաքուր ջրերով, հարմարավետությամբ ու Մասիսներով, սպորտասերի, սիրահարի ու երեխայի բոլոր ցանկություններին արձագանքող գողտրիկ ու անակնկալ անկյուններով։ Երկրային դրախտ՝ դրախտավայր երկիր Հայաստանում։ Շուտով վաճառակենտրոն ու դպրոց էլ կունենան և, ինչպես Ամերիկայում գործող Հովնանյան դպրոցը, այստեղ էլ աշակերտները կկարողանան կիսել նրա մանկականությունն ու իմաստությունը, նրա եռանդն ու նրա վարակիչ երազկոտությունը։ Չեմ մոռանա. մի քանի ամիս առաջ էր, Բյուրական էինք գնում։ Ինքն էր վարում մեքենան։ Անսպասելի կանգնեց, դուրս ցատկեց պատանու պես։ Մի խումբ տղաներ, ցանկապատի տակ հավաքված, խոսում-ծիծաղում էին։ Խառնվեց նրանց, ասես իրեն էին սպասում։- Տղաներ, ինչպե՞ս եք։ Ինչի՞ մասին կը խոսիք։ Մի՞շտ հոս կը հավաքվիք։ Ի՞նչ կը մտածեք։ Կը սիրե՞ք ձեր ապրած տեղը։ Եթե հնար ունենայիք, նախ ի՞նչը կը փոխեիք,… իսկ հետո՞։ Ի՞նչ կընեք այսօր, որ վաղը կարենաք փոխել այն։ Ամեն օր փոքր քայլ մը պետք ընել, չէ՞, որ բան մը փոխվի։ Դուն,… անունդ ի՞նչ է։ Սիրած աղջիկ ունի՞ս։ Ի՞նչ կուզեիր ընել անոր համար, եթե կարենայիր։ Դուն քանի՞ տարեկան ես։ Մտածա՞ծ ես, թե ասկե տասը տարի հետո ուր կըլլաս։ Ի՞նչ պիտի ընես։ Քեզ կը պատկերացնե՞ս գործի մը գլուխը։ Ի՞նչ պաշտոնի վրա կուզեիր ըլլալ։ Ինչո՞ւ։ Բան մը կա՞, որուն համար կը զոհաբերեիր ինքզինքդ։ Պատերազմ գացա՞ծ ես։ Կերթայի՞ր։ Ինչո՞ւ։Տղաները սկզբում շփոթվեցին։ Հետո սկսեցին իրար նայել ու պատասխաններ փնտոել, մտածել։ Ես վստահ եմ, որ այդ փոքրիկ զրույցը շատ բան փոխեց տղաների սրտում, նրանց մտքի մեջ։ Վստահ եմ, որ նրանք հաճախ են հիշելու Վահագնի հարցերը, նրա պատմությունը իր առաջին գործի մասին, նրա ընկերական խորհուրդը` «տղաներ, առանց երազի տունեն դուրս մի՛ ելլեք, միշտ բան մը պահեցեք ձեր միտքին մեջ ու փորձեցեք հասնիլ ատոր։ Բան մը գիտցեք, որ աղջիկ մը պարտավոր եք երջանկացնել։ Գոնե մեկը»։ Ծիծաղեց։ Տղաներն էլ ծիծաղեցին։- Ծրագրե բան մը, որմե ոչ միայն դուն, այլև ուրիշներ ալ պիտի օգուտ քաղեն։ Ինչ-որ բանի մինչև վերջ հավատացեք։ Ինչ-որ բան ունեցեք ձեր սրտին մեջ, որու համար կյանքդ ալ կու տայիք ու չէիք զղջար։Ակամա հիշեցի Թոմաս Մորին, որն իր երազի համար մինչև կախաղան գնաց։ Չէր քայլում` սահում էր։ Կարծես այնտեղ էր գնում` իր երազի աշխարհը։ Մինչև վերջին պահը չկորցրեց իր մարդկային կերպարը, կարեկցանքը` հումորը։ Հեռվից նկատել է կախաղանի տակ դրված աստիճանների անսարքությունը ու խնդրել ծառայողին, որ իրեն օգնի վեր բարձրանալ։ «Իսկ իջնել ես ինքս էլ կկարողանամ»- կատակել է նա ու մարդկայնորեն անպայման կարեկցել կախողին, որն այդպիսի գործ է անում ապրելու համար։ «Վիզս հաստ է… պարանը գցելուց հաշվի առ»,– ավելացրել է նա ու ժպտացել։ Իսկապես, ինչ մեծ երջանկություն է ինչ-որ բանի այդպիսի խորությամբ հավատալը։ Ու եթե պիտի մեռնի մարդը, ավելի նախընտրելի պատճառ կարո՞ղ է գտնվել։- Մենք շատ ավելին ընդունակ ենք ընելու, քան կը կարծենք։ Մարդը անտեղեակ է իր հոգիի ու միտքի ներուժին։ Մարդը ամեն անգամ պիտի փորձե քիչ մը ավելի մեծ հանձնարարություն տալ ինքզինքին։ Իր հոգիին։ Իր միտքին։ Ինչպես որ մարզիկները ամեն տարի նոր մրցանիշ կը սահմանեն։ Միտքի, երազի ու հոգիի կարողությունը մարմնի կարողություններեն պակա՞ս է, կը կարծես։Իրոք, որքան հաճախ է պատահում… վարում ես մեքենադ մայրուղու վրա (իբր արագ ես) ու հանկարծ մի այլ մեքենա այնպիսի արագությամբ է սուրում կողքովդ, որ ցնցվում է մեքենադ) ու քեզ թվում է, թե դու կանգնած ես։Վահագնը հաճախ ինձ այդպես է զգալ տալիս։ Առաջ դա ինձ վախեցնում էր։ Հիմա հուսադրում է։ Արագընթաց այն վարորդի պես Վահագնը իր կենսաձևով ցույց է տալիս պարզ մարդկային հոգու կարողականությունը` սահմանելով տեսիլքի, ոգևորության ու հոգու ընթացքի մի նոր մրցանիշ։Պատմությունը կերտում են անհատները։ Այն մեծ երազ ու տեսիլք ունեցող անհատները, որոնք նույնացել են իրենց երազի հետ։ «Ես երազ ունեմ», քաղաքական պատվանդանից մի այսպիսի ոգևորության պահի հուզմունքից ու լարումից թրծված աչքերով ազդարարեց Մարթին Լութր Քինգը։ Այս պարզ նախադասությունը հեղաշրջեց ու վարակեց շատ շատերին։ Միլիոնավոր հոգիներ դարձան այդ երազի հետապնդողները։ Վահագն Հովնանյանը առանց պատվանդանի. հայի թախծոտ ու երազող աչքերով ու առանց կեցվածքի, պարզապես իր կենսականությամբ ու իր ապրելու ձևով ասում է. «Ե՛ս եմ իմ երազս»։Իսկ ինձ մնում է ասել` զգուշացեք… Վահագնը երազում է։ ՍՈՆԱ ՎԱՆ