top of page

Տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը: Հեղինակը գիրքը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. «Բազմաթիվ գրականագետներ, գրաքննադատներ և թարգմանիչներ (հայ թե օտար) Սոնա Վանին համարում են մեր ժամանակների մեծագույն գրական երևույթներից մեկը,  և կարծում եմ, որ այստեղ չափազանցություն չկա: Հիրավի, Աստված շռայլ է գտնվել Սոնայի հանդեպ՝ նրան օժտելով ոչ միայն բանաստեղծի, բժիշկ-հոգեբանի տաղանդներով, այլև մարդկային լավագույն որակներով՝ գեղեցկությամբ, բարությամբ, կանացի հմայքով»: ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ լինելով վանեցու թոռ՝ Սոնա Վանը միշտ վառ է պահում իր նախնիների հիշողությունները և դրանք վարպետորեն դարձնում պոեզիայի երևույթ: «Ընդհանրապես, ամենագնահատելին Սոնա Վանի պոեզիայում այն է, որ նրան  հաջողվում է ամենաառօրեական, ամենա ոչ բանաստեղծական իրավիճակներին հաղորդել խորունկ  քնարականություն և բանաստեղծական քնքշություն՝ բառի և ռիթմի, ինտելեկտի և զգացմունքի կատարյալ  ներդաշնակությամբ, առանց հատուկ ճիգ ու ջանքի, առանց  կեղծ բարեպաշտության:  Իր պոեզիայով նա փորձում է փրկել մարդկությունը կեղծիքից, հոգեկան աղճատումից ու անկումից և նրան տանել դեպի լույսն ու գեղեցիկը», – հավելեց նա: Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սոնա Վանը 5 ժողովածուի հեղինակ է: «Վերջին՝ «Լիբրետո անապատի համար» ժողովածուն կարճ ժամանակում թարգմանվել է 9 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, եբրայերեն: Այս առիթով կուզեի մեջբերել ռուս անվանի բանաստեղծուհի և թարգմանչուհի Իննա Լիսնյանսկայայի խոսքերը. «Հայերի ցեղասպանության թեմայով Սոնա Վանի գործերը անկասկած պետք է համարել մինչ օրս գրված ամենահզորներից մեկը», – հավելեց նախարարը: Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Սոնա Վանին պարգևատրեց «Մայրենիի դեսպան» մեդալով: Բանաստեղծուհու նոր գրքի մասին զեկուցումներով հանդես եկան գրականագետներ Սերժ Սրապիոնյանը և Նորայր Ղազարյանը: Սերժ Սրապիոնյանը, մասնավորապես, նշեց. «Սոնա Վանի «Լիբրետոն» խախտում է բառի ավանդական ըմբռնումների սահմանները, նրան հաղորդում նոր ըմբռնումների ծիր, նոր բովանդակություն: Դեր Զոր անունն իբրև հասկացություն, Սոնա Վանի բանաստեղծության ընդհանուր հոսքում կարծեք վերածվում է յուրօրինակ դժվարըմբռնելի գիտակցական հոսքի՝ կյանքի և մահվան խառնարանի խորհրդանշումով»: Գրականագետն ընդգծեց, որ Սոնա Վանը հզոր շունչ ունեցող և անսեթևեթ խոսքի բանաստեղծ է: Նորայր Ղազարյանը նշեց, որ գրքի ճիշտ ընկալման բանալին ընթերցողին տալիս է ինքը՝ բանաստեղծը՝ սկզբում դրված «Ինքնակենսագրության փոխարեն» շարադրանքով»: Հանդես գալով շնորհակալական խոսքով՝ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանը նշեց. «Ես անկեղծորեն չէի սպասում նման հանդիպման, և սա ՀՀ սփյուռքի նախարարության և նախարար Հրանուշ Հակոբյանի նվերն էր ինձ և իմ աշխատանքին»: Հեղինակն ընդգծեց, որ գիրքը իր հորաքրոջ և բոլոր այն հայ կույսերի համար է, ովքեր ցեղասպանվելով՝ չհասցրին մոտենալ եկեղեցու խորանին: Սոնա Վանն ասաց, որ իր համար Եղեռնը շարունակվել է նաև ընտանիքի ֆիզիկական փրկությունից հետո՝ պապի օրագրային գրառումների տեսքով: Հանդիսության մասնակիցները հնարավորություն ունեցան վայելելու Սոնա Վանի բանաստեղծությունները ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի ասմունքով, ինչպես նաև դիտել Սոնա Վանի մասին պատմող ֆիլմ: Միջոցառման ավարտին համերգային ծրագրով հանդես եկավ «Ծաղկազարդ» համախումբը 


www.aravot.am/2015/11/26/633077/

bottom of page