top of page

Պոետական ուղեւորություն դեպի Ռուսաստան, Արցախ եւ Ջավախք

Պատմում է բանաստեղծուհի Սոնա Վանը


Երեւանում ծնված, մեծացած, ճակատագրի դրդմամբ ներկայումս ամերիկաբնակ բանաստեղծուհի, արձակագիր Սոնա Վանը Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Արցախ, Ջավախք եւ Թբիլիսի կատարած ուղեւորությունից հետո երեկ  հանդիպում ունեցավ լրագրողների հետ, ներկայացնելով իր ուղեւորության տպավորությունները եւ ասելով, որ այդ այցերը հետագայում տեղ են գտնելու իր 33 (խաչափայտին Հիսուսի երկրային կյանքի ավարտի տարիքը) երկերից բաղկացած շարքում՝ «Պատերազմ եւ վարդ» 4 գրքերով, որոնցից յուրաքանչյուրում բնագիր հայերենի զուգադրությամբ զետեղվելու են աշխարհում տարածված եւ լայնորեն հայտնի 20 լեզուներից բանաստեղծաշարքի 5—ական թարգմանություններ։Առաջին հատորն արդեն պատրաստ է տպագրության, որում զետեղվել են Մեծ եղեռնին այս կամ այն չափով առնչվող երկրների լեզուներով թարգմանություններ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, թուրքերեն։ Շարքը մտադիր է իրականացնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100—ամյակի իր ծրագրով։Մինչ ներկա ուղեւորությունը գրողը Լոս Անջելեսում արժանացել է 2013 թվականի գրական մի մրցանակի, որի կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել տարբեր մշակութային անհատներից, հոգեւորական գործիչներից, կոնգրեսականներից եւ սենատորներից։Բանաստեղծուհին լրագրողներին տեղյակ պահեց, որ  գոհ է գրական շրջագայությունից, ամենուր տեղացի մտավորականները իր հանդեպ ցուցաբերել են ջերմ ընդունելություն եւ սիրալիր աջակցություն, եւ որ նրանց թվում է եղել հայ ժողովրդի մեծ բարեկամ, ռուս գրող Անդրեյ Բիտովը։Սանկտ Պետերբուրգում գրողը հանդիպում է ունեցել գրականության եւ արվեստի նշանավոր գործիչների հետ, որոնց ծանոթ էին իր ստեղծագործությունները՝ 2010 թվականին հրատարակված իր ռուսերեն առաջին գրքից, որը թարգմանել է Իրինա Վիշնյավսկայան։ Գիրքն արժանացել է տեղի գրական էլիտայի գնահատանքին։«Մոսկվայում նույնպես հուզիչ էր հանդիպումը, մանավանդ որ այն տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, երբ մարդիկ հաղթահարելով բոլոր տեսակի խցանումները՝ կարողացել են աշխատանքից հետո գալ եւ ներկա լինել հանդիպմանը եւ խոսք ասել։ Ինձ համար միշտ կարեւոր է եղել ռուս մտավորականի խոսքը»,– ասաց բանաստեղծուհին։Սոնա Վանը բարձր գնահատական տվեց նաեւ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց եւ Արցախի թեմերի առաջնորդներ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գործունեությանը, նշելով, որ հոգեւորականի իրենց ծառայությունից բացի, երկուսն էլ կարեւորում են մշակույթն ազգին ծառայեցնելու գործը։«Այս սեպտեմբերից երկլեզու «Նոյյան տապան» շաբաթաթերթի յուրաքանչյուր համարում տպագրվում է «Պատերազմ եւ վարդից» ֆրանսերեն մեկական բանաստեղծություն՝ գրող, թարգմանիչ Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ։


Իսկ անցյալ տարի նույն շարքից ու նաեւ այլ գործեր եւս տեղ են գտել պարբերականի անգլերեն էջերում, որոնց թարգմանությունն իրականացրել է անգլալեզու գրականության գիտակ, Երեւանի ամերիկյան համալսարանի դասախոս Շուշան Ավագյանը»,–տեղեկացրեց բանաստեղծուհին։Սոնա Վանի գրական գործունեության մասին խոսք ասաց «Նարցիս» ամսագրի բաժնի վարիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը։


Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ 

16-11-2013

bottom of page